Փետրվարի 4-ին Մոսկվայում տեղի ունեցած հանրահավաքի տասնյակ մասնակիցներ երեքշաբթի հաղորդել են gazeta.ru կայքի թղթակցին, որ իրենց չեն վճարել նախագահական ընտրությունների թեկնածու Վլադիմիր Պուտինի աջակցության հանրահավաքին մասնակցելու համար, թեև խոստացել էին:
«Մենք մինչև վերջ կանգնեցինք, իհարկե, պաստառներ չէին տալիս, պարզապես ասում էին կանգնեք, որտեղ կանգնած եք, այնուհետև մեզ հետ պետք է փողային հաշիվները փակեին «Շոկոլադնիցայի» մոտ: Ես մարդկանց այնտեղ էի բերել, այնուհետև ինձ զանգահարեց պատվիրատուն, ասաց, որ մարդկանց մեկ այլ վայր տանեմ, ճանապարհին մասնակիցները կեսը կորան: Արդյունքում պատվիրատուն գումարների մի մասը բերեց, և բոլորին չէ, որ հասավ: Իսկ հիմա էլ հեռախոսը չի վերցնում»,- բողոքել է Պոկլոննայա Գորայում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցներից մեկը:
«Մեզ 82, 500 ռուբլի են պարտք, ամեն ինչ հաշվել ենք»,- հայտարարել է մեկ այլ տարեց տղամարդ:
Հանրահավաքի պատվիրատուներից մեկի հեռախոսահամարն անհասանելի է: Մարդիկ հայտարարել, որ այլևս չեն քվեարկի Պուտինի օգտին, որովհետև իրենց խաբել են:
«Ես Ժիրինովսկու օգտին կքվեարկեմ: Այ, օրինակ, Լիբերալ դեմոկրատների հանրահավաքներին միշտ տեղը տեղին վճարում են»,- հայտարարել է մի տարեց կին: