Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Երկիր» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հերքել է այն լուրերը, որ իրեն զանգահարել է 1in.am կայքի լրագրողը և վերջինիս հետ զրույցում ինքն անպարկեշտ առաջարկություններ է արել:
Խաչատրյանը պնդում է, որ նման բան չի եղել և որ ինքը ԱՄՆ-ից զանգ չի ստացել:
Մարզպետի խոսքով` «լրագրող կոչվածն» իրականում զանգահարել է իր հեռախոսահամարով, բայց 093 կոդով: Մարզպետը տեղեկացրել է, որ դատի է տվել կայքին և «Ժամանակ» թերթին, որտեղ նույնպես տպված է եղել լուրը, ինչպես նաև պատրաստվում է դատի տալ նաև «Արմնյուզ» հեռուստաընկերությանը` լուրին անդրադառնալու համար: Թերթը նշում է, որ ստուգելու համար իրենք ևս զանգահարել են մարզպետի հեռախոսահամարին, բայց 093 կոդով, և մարդը, ով չի ցանկացել ներկայանալ, խոստովանել է, որ խոսողն ինքն է եղել: «Երկիրը» հավելում է, որ նրանց ձայները բավականին նման են եղել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ 1in.am կայքը գրել էր, որ Լոս Անջելեսի իրենց թղթակիցը զանգահարել է Սյունիքի մարզպետին`1918-1920 թվականների Սյունիքի պատմության թեմայով իր թեկնածուական աշխատանքի վերաբերյալ հարցեր տալու նպատակով: Մարզպետը, սակայն, ըստ կայքի, զրույցը այլ ուղղությամբ է տարել` լրագրողին առաջարկելով անձնական թեմաների անցնել: Հեռախոասզրույցի ընթացքում որպես Սուրիկ Խաչատրյան ներկայացած անձը լրագրողին ասել էր, թե արդեն սիրահարվել է, և ցանկանում է նրա ծնողների հետ խոսել: Բացի դա, նա առաջարկել է լրագրողին հանդիպման ժամանակ սպիտակ ներքնաշոր հագնել: Ավելի ուշ կայքը տեղադրել էր նաև հեռախոսազրույցի ձայնագրությունը: