ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ գործընկերների, ինչպես նաև ընդդիմախոսների հետ պետք է լինել հարգալից, ինչն էլ անում է Հանրապետական կուսակցությունը: Այս մասին նա այսօր ասել է ՀՀ Ազգային Ժողովում` պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության` «Կանխիկ գործառնությունների սահմանափակման» օրենքի օգտին չքվեարկելուն:
«Մեր գործընկերները ցանկանում են կարևորել այս հարցը և օգտագործում են այն գործիքները, որոնք ունեն, և մենք շատ հարգալից ենք վերաբերվում ցանկացած քաղաքական ակցիայի, որ մեր գործընկերներն իրականացնում են: Բնականաբար, մենք, մեր հերթին, փորձում ենք պատասխանել այդ ակցիաներին: Մասնավորապես, ամենալավ գնահատկանն այդ ակցիային տվեց Ազգային ժողովն իր բնականոն աշխատանքով և տասից ավելի ընդունված օրինագծերով: Կարծում եմ, որ այսօր այդ հարցը գտնվում է քաղաքական դաշտում, որովհետև որևէ առաջարկություն չի հնչել: Դա նշանակում է, որ հարցը տեղափոխվել է քաղաքական դաշտ», – ասել է վարչապետը:
Հիշեցնենք, որ երեկվա ԱԺ նիստի սկզբում ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը քննադատել է Հանրապետական կուսակցության վերաբերմունքը` կապված «Կանխիկ գործառնությունների սահմանափակման» օրենքի մասին ԲՀԿ-ի դիրքորոշման հետ: Զոհրաբյանը ՀՀԿ-ականների արտահայտությունները ոչ կոռեկտ է որակել, և ԲՀԿ-ն որոշել է երեկվա ընթացքում բոյկոտել ԱԺ-ի աշխատանքները: