Home / Հայաստան / Դատավորները կատարեցին աղմկահարույց գործով պատվերը. իրավապաշտպան

Դատավորները կատարեցին աղմկահարույց գործով պատվերը. իրավապաշտպան

ՀՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել 23-ամյա Խաչիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրված և 14 տարվաազատազրկման դատապարտված Վռամ Բաղդասարյանի գործով դատավճիռը:

Նշենք, որ Վռամ Բաղդասարյանի պաշտպանությունն իրականացնում են Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչներ, փատաբաններ Գայանե Խաչատրյանը և Նինա Կարապետյանցը, բողոքը քննում էին ՀՀ վերաքննիչ դատարանի երեք նախագահներ Գագիկ Ավետիսյանը, Սերգեյ Չիչոյանը և Եվա Դարբինյանը:

Epress.am-ի հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը ասել է, որ պաշտպանական կողմը ինչ-որ մի պահ մտածում էր, որ դատարանն իմանալով այն բոլոր փաստերը, որ փաստաբանները տրամադրել են դատարանին, ինչ-որ բան փոխի, բայց դա տեղի չունեցավ:

Դանիելյանը նաև տեղեկացրել է, որ երկու օր առաջ կայացած նախավերջին դատական նիստում Բաղդասարյանի փաստաբան Գայանե Խաչատրյանը երեք միջնորդություն է ներկայացրել, որոնք սակայն մերժվել են:

«Առաջինն այն էր, որ կանչեն դատարան Հովհաննես Թամամյանին, որին գործից հանել և մեղադրանք են առաջադրել նաև այս գործով: Դա լսելուց հետո մեղադրող դատախազ Կորյուն Փիլոյանն արձագանքեց` ասելով, որ Թամամյանի գործը քննվում է այլ դատարանում` «գնացեք այնտեղ, դա ներկայացրեք»: Երկրորդը` դատարան հրավիրել ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանին, քանի որ միջադեպի ընթացքում օգտագործված զենքերը պահվել են նրա մոտ: Այստեղ Փիլոյանի կողմից հնչեց մի ունիկալ պատասխան. «Լևոն Սարգսյանը ներկա չի եղել միջադեպին և ինֆորմացիա չունի»: Դրանից հետո Գայանե Խաչատրյանն արձագանքել է, որ բոլոր մարդիկ չէ որ ցուցմունք են տվել, եղել են դեպքի վայրում»,- ասել է Դանիելյանը:

Երրորդ միջնորդությամբ Գայանե Խաչատրյանը պահանջել է դատարանից ներկայացնել իրեն այն փաստաթղթերը, որոնց հիման վրա իբր քրեական գործ է հարուցվել Վռամ Բաղդասարյանի նկատմամբ:

Դա ԱԱԾ-ի թուղթն է` ուղված գլխավոր դատախազին:

«Փիլոյանն ասեց, գիտեք, գործերում կան այդ բոլոր փաստաթղթերը: Այդ պահին թեթև ռեպլիկ եղավ դատավոր Գագիկ Ավետիսյանի կողմից. «Չկան այդ փաստաթղթերը»: Բայց հետո տեղում կողմնորոշվեցին և ասեցին, որ գիտեք այդ փաստաղթղերը կան և միջնորդությունը մերժվեց: Մի բան նկատեցի. ամեն մի միջնորդությունից հետ  դատավորները աչքերը իջեցրած էին մերժում, որովհետև զգում էին, որ  պատվեր են կատարում: Մի բան կարող եմ ասել. Փիլոյանը կատարեց իրեն տված հրամանը, իսկ դատավորները կատարեցին իրենց տված պատվերը: Ինչը մի անգամ ևս փաստում է, որ ո’չ դատախազությունը, ո’չ դատարանները մեզ մոտ անկախ չեն»,- ասել է Միքայել Դանիելյանը: