Home / Հայաստան / Մեկ օրում 117 զոհ Սիրիայում. ապստամբներին շարունակում են ռմբակոծել

Մեկ օրում 117 զոհ Սիրիայում. ապստամբներին շարունակում են ռմբակոծել

Սիրիայում մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով առնվազն 117 մարդ է սպանվել: «Ալ-Արաբիա» հեռուստաալիքի փոխանցմամբ` նրանցից 93-ը զոհվել են Հոմսում, որը կառավարական ուժերի կողմից չընդհատվող ռմբակոծման է ենթարկվում փետրվարի 4-ից:

Այս քաղաքը վերահսկող ապստամբների խոսքով` այնտեղ գրեթե ամեն րոպե պայթյուններ են լսվում:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը պահանջող ապստամբների ուժերի կենտրոնացման հիմնական վայր համարվող Հոմս քաղաքը շարունակում է ռմբակոծությունների թիրախ մնալ: Բացի դա, քաղաքի ծայրամասերում իշխանական զրահամեքենաներ են կանգնած:

 

Միաժամանակ, ինչպես հայտնել է «Ալ Ջազիրան», ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հաղորդել է, որ Արաբական պետությունների լիգան մտադիր է վերականգնել իր առաքելությունը Սիրիայում, որը դադարեցվել էր հունվարի վերջին երկրում բռնության դեպքերի կտրուկ աճի պատճառով:

2011 թվականի մարտից, երբ Սիրիայում զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դեմ, տարբեր գնահատականներով զոհվել է մինչև 7000 մարդ: