Աշխատանքային օրվա վերջին Epress.am–ի թիմը որոշել է անդրադառնալ առավոտյան տեղի ունեցած զրույցին` կարևոր համարելով դրա բովանդակության հրապարակումը:
Այսօր առավոտյան Epress.am-ի խմբագրություն է զանգահարել Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը և պահանջել է կայքից հանել երեկ տեղադրված տեսանյութը, որում ռազմական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը քնում է Ազգային ժողովում:
Կարապետյանը կոպիտ տոնով ասել է. «Դա անշնոհրքություն է, պաշտպանության նախարարը 20 ժամ աշխատում է և կարող է հոգնած լինել: Հենց հիմա վիդեոն հանեք»:
Epress.am-ի աշխատակիցը չի հերքել պաշտպանության նախարարի հոգնած լինելը, բայց մերժել է խոսնակին և նշել, որ Կարապետյանն իրավունք չունի նման պահանջ ներկայացնել լրատվամիջոցին:
«Բանակը ձեզ նմաններին էլ է պաշտպանում: Հիմա ասեք` հանո՞ւմ եք, թե՞ ոչ», – հարցրել է Կարապետյանը:
Լրագրողը տեղեկացրել է ՊՆ ներկայացուցչին, որ զրույցի բովանդակությունը կարող է հրապարակվել:
«Կարող եք գրել, որ Կարապետյանը զանգեց, ասաց, որ դա անշնորհքություն է, բարձր տոնով ասաց», – նշել է պաշտոնյան:
Նրան ասվել է, որ այլևս նման պահանջներով խմբագրություն չզանգի:
«Ես էլ չեմ զանգի, ուրիշները կզանգեն», – ասել է Կարապետյանը:
Այն հարցին, թե արդյոք ինքը սպառնում է, Կարապետյանը պատասխանել է. «Ձեր հարազատները ձեզ կզանգեն»:
Լրագրողը ևս մեկ անգամ հարցրել է, թե արդյոք Կարապետյանի ասածը կարելի է որպես սպառնալիք ընկալել, ինչին Կարապետյանը պատասխանել է. «Չէ, սպառնալիք չէ»: