ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությանը:
«Ուրախ եմ, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները դինամիկորեն են զարգանում: Մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ապրանքաշրջանառության մշտապես աճող ծավալները, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում սերտ համագործակցությունն ամրապնդում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ վստահություն հայտնելով, որ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի այցը ևս կնպաստի երկու երկրների հարաբերությունների առավել ամրապնդմանը:
Նիկոլայ Պատրուշևը Հայաստան կատարած այցի շրջանակներում ունեցած հանդիպումներն ու բանակցությունները համարել է օգտակար և արդյունավետ:
«Հանդիպման ժամանակ մենք խոսել ենք մեր ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության մասին, ինչպես նաև հումանիտար ոլորտում, բնական աղետների հետևանքների վերացման ուղղությամբ փոխգործակցության և մի շարք այլ հարցերի մասին:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: