ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, թե «բաց ճակատով գնում ենք ընտրությունների»:
«Հարցնում ենք՝ ո՞րն է բաց ճակատը, ասում է՝ թոշակները տվել ենք, այնինչ պետք է ավելացրած լինեին երկու անգամ: Պարտք են վերցրել ու տվել են՝ պարտքը 1,5 միլիարդից հասցնելով 4 միլիարդի: Չեն էլ կարողացել թոշակի փողն աշխատել՝ բարձրացնելը իրենց մնար: Եթե մենք նորմալ հասարակություն լինեինք, ապա նման մարդիկ չպետք է իշխանության ղեկին լինեին, իսկ ինչու կան, դա էլ ուրիշ հարց է», – ասել է Բագրատյանը:
Նրա խոսքով՝ այսօրվա իշխանության մեջ բուն տնտեսագիտական միտքն այնքան է բթացել կամ գոյություն չունի, որ Տիգրան Սարգսյանը փայլում է:
«ԱԺ-ում տնտեսական հանձնաժողովով զբաղվող մարդիկ իրենց բթությամբ, գործով, եկամուտներով այնպես են կախված իշխանություններից, որ ստիպված են գովել ամեն մի անհեթեթություն: Չկա մեկը, ով հակառակ կարծիք կհայտնի, որպեսզի ինչ-որ կարծիքների բախում լինի: Ոչ թե նախագահն է թույլ, այլ նախագահը թքած ունի տնտեսգիտական մտքի վրա էլ, կառավարության վրա էլ», – նշել Բագրատյանը:
«Կրակն ենք ընկել, որ Տիգրան Սարգսյանը բանկում է աշխատել, ով անգամ բանկի գործն էլ չգիտի», – փաստել է նախկին վարչապետը:
«Պատահական չէ, որ Կենտրոնական բանկի նախագահն էր, թող լավ աշխատեր, մենք որևէ բան չէինք ասի: Ինչ են անում այսօրվա բանկերը, ասում են 3 միլիոնից ավել գործարքը բանկով պիտի անեք, կանխիկ չեք կարող: Թվում է, թե սա պայքար է ստվերային տնտեսության դեմ, ամենևին: Տիգրան Սարգսյանը ներմուծող օլիգարխներին դարձնում է ֆինանսական օլիգարխներ», – ասել է նա:
Բագրատյանը նշել է, որ «Կանխիկ գործառույթների սահմանափակման մասին» օրինագիծը բացարձակ հիմարություն է և որևէ կապ չունի ստվերի դեմ պայքարի հետ:
«Ամբողջ աշխարհում նման բան գոյություն չունի, գնացեք Ֆրանսիա, Անգլիա, բանկերում ինչքան փող ունեք, հանեք, ինչ ուզում եք՝ արեք: Այսօր մեզ մոտ այս վիճակն է՝ դու ստեղծում ես քո բանկը, ասում ես կանխիկ թույլ չեմ տալիս, գնա, իմ բանկով արա գործարքդ, այսինքն, երբ փող ես փոխանցում, արի մի քիչ ինձ մուծի: Սա միայն մի հարց է լուծում՝ հարստացնում է բանկերը ու վերջ», – ընդգծել է Բագրատյանը: