Ռուսաստանցի բլոգեր Դենիս Եֆրեմովը բացառիկ կադրեր է արել փետրվարի 4-ին Բոլոտնայա հրապարակում կայացած «հանուն արդար ընտրությունների» հանրահավաքից իր GoPro Hero փոքրիկ տեսախցիկի շնորհիվ: Երեք մեծ փուչիկներին ամրացված սարքը թռչել է հրապարակի վրայով և նկարահանել հանրահավաքը: Ինչպես լրագրողներին պատմել է բլոգերը, սկզբում նա պատրաստվում էր փուչիկների միջոցով պարզապես մի փոքր վեր բարձրացնել տեսախցիկը, իսկ ողջ հրապարակն ու Մոսկվան նման բարձունքից նկարահանելը նրա ծրագրերի մեջ չէր մտնում: Երիտասարդ բլոգերի ձեռքը պարզապես պատահաբար «դողացել է», և նա բաց է թողել փուչիկները երաժիշտ Յուրի Շևչուկի երգի ներքո:
Այդուհանդերձ, բլոգերը, ի ուրախություն իրեն, ստիպված չի եղել հրաժեշտ տալ իր տեսախցիկին, ինչպես կարելի էր ակնկալել: Սարքը վերադարձել է տիրոջ մոտ երկու օր անց: Ինչպես պարզվել է, 550 կմ անցնելով, տեսախցիկն ընկել է Վոլոգոդսկի շրջանի անտառներից մեկում:
«20 րոպեում տեսախցիկին ամրացրած փուչիկները անցել են ողջ Մոսկվայով»,-պատմել է Եֆրեմովը:
Տեսախցիկի ընթացքին Դենիսը հետևում էր սարքի վրա առկա GPS համակարգի միջոցով: Հենց այս համակարգն էլ թույլ է տվել պարզել տեսախցիկի գտնվելու վայրը:
Մեկ օր անց փուչիկներն ընկել են վերոհիշյալ վայրում: Դենիսը, պարզելով կորդինատները, տեղադրել է դրանք համացանցում: Եվ քանի որ անձամբ չէր կարող գնալ սարքի հետևից օգնություն է խնդրել ինտերնետ օգտատերերից: Նրա խնդրանքին արձագանքել է Չերեպովեցից մի բլոգեր, ով էլ և գտել ու տիրոջն է վերադարձրել տեսախցիկը: