Home / Հայաստան / Այգու պաշտպանները ակնկալիքներ ունեն վաղվա ակցիայից

Այգու պաշտպանները ակնկալիքներ ունեն վաղվա ակցիայից

Շաբաթներ առաջ Աբովյան փողոցից Մաշտոցի պողոտայի՝  Արամի և Բյուզանդի փողոցներին հարող այգի տեղափոխված ու տեղադրված ապամոնտաժված կրպակները առաջացրել են բնապահպանների ու մի շարք հասարակական կազմակերպությունների զայրույթը: Այս կապակցությամբ վաղը  Մարգարյանի անվ. հիվանդանոցի դիմացի այգու սկզբնամասում կայանալիք հերթական բողոքի ակցիայի մասնակիցները  պահանջելու են, որպեսզի  դադարեցվեն այգում իրականացվող ապօրինի շինարարությունները, որ վերջապես այգիները բարեկարգվեն ոչ թե սրճարանների և խանութների հաշվին, այլ կանաչ գոտու ավելացման հաշվին: Այս մասին Epress.am-ի զրույցում ասել է ակցիայի մասնակից Սոֆիա Մանուկյանը:

«Կազմակերպիչները  քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ են, այդ թվում` «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մեր քաղաքը» ու մի շարք երիտասարդներ, ովքեր հավաքվել են Facebook սոցիալական ցանցի միջոցով: Պետք է նշեմ, որ մեզ են միացել նաև այգու տարածքի  բնակիչները», – ասել է Սոֆիա Մանուկյանը:

Նրա խոսքով՝  ակնկալիքները մեծ են, քանի որ կոչերով իրենց են միացել  նաև պատգամավորներ ու մի շարք քաղաքացիներ:

«ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը նույնպես կոչ է արել մինչ այդ որոշման ընդունումը  տարածքում հանրային քննարկում անցկացնել: Հույս ունենք, որ այս կերպ կկարողանանք գրավել հանրության ուշադրությունը», – ասել է նա:

Ակցիայի մասնակցի խոսքով՝  փետրվարի 3-ին  «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամները դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ հետևյալ գրությամբ՝  Մաշտոցի պողոտայում կրպակների վերակառուցումն ընթանում է կանաչ գոտու և ընդհանուր տարածքների հաշվին՝ քաղաքաշինական նորմերի խախտմամբ և խախտում է բնակիչների առողջ միջավայրում ապրելու սահմանադրական իրավունքը:

«Պաշտպանի աշխատակազմը, մտահոգված լինելով խնդրով, համապատասխան գրությամբ դիմել է Քաղաքապետարան՝  խնդրելով 7-օրյա ժամկետում պարզաբանումներ տրամադրել այս խնդրի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել շինարարությունը հիմնավորող փաստաթղթեր», – ասել է նա:

Նախաձեռնության անդամները վաղը ստորագրահավաք են անցկացնելու և Քաղաքապետարանից պահանջելու են կանխել օրենքի խախտումը, ըստ որի բացակայում են այդ տարածքում կառուցապատում անելու մասին բոլոր փաստաթղթերը:

«Ուզում ենք մեր ձայնը լսելի դարձնել, չնայած անհավանական է, որ կքանդեն կրպակները և կտեղափոխեն ուրիշ վայր: Ամբողջ հարցն այն է, որ այսօր մեր իշխանությունները խախտում են օրենքն ու հասարակության ձայնն էլ չի լսվում: Մեր ակցիայի նպատակը հասարակությանը նման անօրինություններին իրազեկելն է», -եզրափակել է Սոֆիա Մանուկյանը: