Այսօր սիրիական Հալեպ քաղաքում` Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի շենքից ոչ հեռու զանգվածային ահաբեկչություն է տեղի ունեցել: Սկզբում երկու ռումբ է պայթել, որից հետո փողոցներում ռազմական բախումներ են սկսվել:
Բախումների հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել` ինչպես զինվորականներ, այնպես էլ հասարակ քաղաքացիներ: Դեռևս հնարավոր չէ ասել զոհվածների կամ վիրավորների հստակ թիվը, քանի որ քաղաքում հրաձգություն է սկվել:
Հալեպում ՌԴ հյուպատոս Ռաշիդ Սադիկովը հայտնել է լրագրողներին, որ պայթյունները հաջորդել են միմյանց` մոտ 5 րոպե ընդմիջումով, առավոտյան 09:00-ին և 09:05-ին: Դիվանագիտական առաքելության անդամներից ոչ ոք չի տուժել, սակայն հավելյալ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել:
Նախնական տվյալների համաձայն, ահաբեկչություններն ուղղված են եղել ռազմական հետախուզության և անվտանգության ուժերի վարչության դեմ: Սկզբում պայթել է ռազմական հետախուզության շենքի մոտ կայանած մեքենան, այնուհետև մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Սախուրա հրապարակում: Այս տեղեկությունները, սակայն, նույնպես դեռ չեն հաստատվել:
Հիշեցնենք, որ նախորդ կիրակի սիրիացի ցուցարարները հարձակվել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում գտնվող ռուսաստանյան դեսպանատան վրա: Ցուցարարները դժգոհ էին Մոսկվայի և Պեկինի որոշումով, որի համաձայն ՄԱԿ-ը պետք է չեղյալ հայտարարեր Սիրիայի վերաբերյալ Անվտանգության խորհրդի բանաձևը: Ցուցարարները շենքից ցած էին գցել Ռուսաստանի դրոշը և փոխարենը տեղադրել Սիրիայինը:
Նշենք, որ Ռուսաստանը շարունակում է սատարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը` շարունակելով նրանց ներքին գործերին չխառնվելու քաղաքականությունը:
Հիշեցնենք, որ 2011-ի մարտից սկսված և մինչ այժմ չդադարող զանգվածային բողոքի ակցիաների հետևանքով տարբեր գնահատականներով 5000-7000 մարդ է զոհվել: