Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը նախօրեին հաստատել է անցած տարվա սեպտեմբերի 6-ին սեփական որդիներին՝ 6-ամյա Վարդանին և չորսամյա Հայկին խեղդամահ արած Ռոզա Ալոյանի անմեղսունակությունը, գրում է «Հայկական ժամանակը»:
Հանրային պաշտպան Լուիզա Հարությունյանը երեկ թերթին հայտնել է, որ դատարանի որոշմամբ Արարատի բնակչուհի Ռոզա Ալոյանը հարկադիր բուժում կստանա հոգեբուժարանում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Epress.am-ը զրուցել էր «Նուբարաշենի» հոգեբուժական կլինիկայի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքի վարիչ Վիոլետտա Սարգսյանի հետ, ով պատմել էր կնոջ վիճակի մասին:
«Չեմ կարող, ասել թե Ռոզան տխուր է ու մտահոգ, ավելի կոնկրետ՝ մտքերի մեջ է ու ինքնամփոփ: Ընդհանուր առմամբ խելոք է, ու դա էլ պայմանավորված է նրանով, որ դեռ չի գիտակցում սեփական արարքի ողջ դաժանությունը: Մինչ այժմ ունեցել ենք հիվանդներ, ովքեր գիտակցել են իրենց արարքն ու ասել են՝ ինչ արեցի: Այս պարագայում պատկերն այլ է. դեպքի մասին Ռոզան իր պատճառաբանություններն ու արդարացումներն ունի: Նրա պնդմամբ` այդ քայլին իրեն «հորդորել են» գնալ սպիտակ մորուքներով բարի մարդիկ:Սրբերի դեմքով մարդիկ իրեն պատվիրել են սպանել երեխաներին, այլապես դա կանեին ուրիշները՝ կտրտելով նրանց: Ռոզան մինչ օրս տեսնում է այդ «սուրբ մարդկանց», ովքեր պարբերաբար այցի են գալիս իրեն: Այդ ընթացքում նա ճիչեր է արձակում, սկսում է բարձրաձայն զրուցել տեսիլքների հետ», –պատմել է Վիոլետտա Սարգսյանը: