Փետրվարի 9-ի օրվա 2-րդ կեսից վերսկսված ձյան հետևանքները մեղմելու նպատակով անցած գիշերվանից Երևանի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից ձյան մաքրման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
Աշխատանքներում ներգրավված են 12 վարչական շրջանների սանմաքրման ձեռնարկությունները` տեխնիկական և աշխատանքային բոլոր ռեսուրսներով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ լուրերը, թե մայրաքաղաքի փողոցներում երթևեկը կաթվածահար է եղել ձյունը չմաքրելու պատճառով, իրականությանը չեն համապատասխանում:
Երևանի որոշ հատվածներում արձանագրվել է տրանսպորտի դանդաղ ընթացք, ինչը մեծապես պայմանավորված է վարորդների ցուցաբերած զգուշավորությամբ: Երթուղագծերը շահագործող տնտեսվարող սուբյեկտների կողմից ցուցաբերած անհարկի զգուշավորությամբ պայմանավորրված՝ որոշ խնդիրներ էլ առաջացել են ուղևորատար տրանսպորտի բնականոն աշխատանքի հետ կապված, ինչը շտկելու ուղղությամբ տրվել են հստակ հանձնարարականներ:
Մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման գլխավոր և երկրորդական բոլոր փողոցները երթևեկելի են:
Զուգահեռաբար, շուրջօրյա աշխատանքային ժամանակացույցով շարունակվում են փողոցների աղով ու ավազով մշակման, ինչպես նաև, չդադարող տեղումների պայմաններում, առաջացած ձյան շերտի պարբերաբար հեռացման աշխատանքները: Միաժամանակ համալրվում են կուտակված աղի և ավազի պաշարները։