«Ժառանգություն» կուսակցությունը մտահոգված է Հայաստանում խորհրդարանական և նախագահական ընտրությունների նախաշեմին քաղաքական կոռուպցիայի տարածման աննախադեպ աստիճանով: Այս մասին ասված է կուսակցության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
«Ժառանգությունը» նշում է, որ փետրվարի 9-ին տարբեր անձինք` խորհրդարանի ղեկավարության լռելյայն համաձայնությամբ և փորձարկված պարտակմամբ, մեղսակից դարձան բացահայտ կեղծիքին` պատգամավորների, լրագրողների ու հանրության աչքի առջև ապօրինաբար քվեարկելով բացակա գործընկերների փոխարեն:
«Սույն առիթով` սա կատարվեց թե´ խորհրդարանական մեծամասնության համար անիրավ քվորում, թե´ դրանից հետո մի շարք բովանդակային օրինագծերի քվեարկություններում նրանց ցանկացած արդյունքն ապահովելու համար:
Լինի Ազգային ժողովում, Նախագահական նստավայրում, կամ էլ առաջիկա ընտրությունների ընթացքում նման հանցավոր գործունեության ևս թեկուզ մեկ դրսևորման պարագայում «Ժառանգություն» կուսակցությունը պիտի չկարողանա` ոչ քաղաքականապես, ոչ բարոյապես, ոչ էլ որևէ այլ կերպ, հաշտեցնել ԵԺԿ կոչվող եվրոպական կուսակցությունների մեծ ընտանիքին իր մասնակցությունը հակաժողովրդավարական, հակահայկական և հակաեվրոպական վարքագծի պատասխանատուների ներկայության հետ»,- ասված է հայտարարության մեջ: