Բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքում շարունակվում է ոստիկանների գործադուլը, ինչը սպառնում է խաթարել առաջիկա դիմակահանդեսի տոնակատարությունները, բացի դա, հարցականի տակ կարող է լինել 2014 թվականի Աշխարհի գավաթի խաղերը Բրազիլիայում անցկացնելը:
Ուրբաթ Ռիո դե Ժանեյրոյի իրավապահ մարմինների 3000 աշխատակիցներ գործադուլ են հայտարարել` աշխատավարձերի բարձրացման պահանջով: Այս գործողությունները երկրի հյուսիսարևելյան Բահիա նահանգում հունվարի 31-ին սկսված գործադուլների արձագանքն էին, հայտնում է «Ալ Ջազիրան»:
Նշենք, որ Ռիոյի գործադուլը սկսվել է աշխարհահռչակ բրազիլական դիմականդեսից մեկ շաբաթ առաջ:
Սակայն ցույցերի կազմակերպիչները հույս ունեն շուտով համաձայնության գալ իշխանությունների հետ:
«Մենք ոչ մի դեպքում չենք ցանկանում ձախողել դիմակահանդեսը,- ասել է գործադուլի կազմակերպիչներից մեկը` սերժանտ Ուոլաս Ռոդրիգեսը, – Մենք դեռ մեկ շաբաթ ունենք և վստահ ենք, որ մինչ այդ մեզ կհաջողվի լուծել խնդիրը երկխոսության միջոցով»:
Դաշնային իշխանությունները նույնպես վստահություն են հայտնել, որ տոնակատարությունները ամեն դեպքում կկայանան:
Ակնկալվում է, որ ավելի քան 850,000 զբոսաշրջիկներ կմասնակցեն Ռիո Դե Ժանեյրոյի դիմականդեսին, որը պաշտոնապես սկսվում է փետրվարի 17-ին և տևում 5 օր:
Հիշեցնենք, որ Բահիայում մոտ 6000 ոստիկաններ դադարեցրել էին աշխատանքը հունվարի 31-ին: Նրանց անգործության արդյունքում 150 սպանություններ են տեղի ունեցել, վանդալիզմի դրսևորման դեպքեր են գրանցվել, մասնավորապես, Սալվադոր քաղաքում: Իշխանություններին հաջողվել է կարգավորել իրավիճակի միայն զորքերի միջոցով: Բահիայի ոստիկաններին այդուհանդերձ, հասել են իրենց պահանջի կատարմանը: Երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆը համաձայնել է բարձրացնել իրավապահների աշխատավարձերը: Իսկ գործադուլների այն պահանջը, համաձայն, որի իշխանությունները պետք է ներեն նաև ցույցերի ընթացքում տեղի ունեցած բոլոր հանցագործությունները, չի բավարարվել: Նախագահը հայտարարել էր, որ համաներումը կարող է Բրազիլիան «առանց օրենքների երկիր դարձնել»: