Երեկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Հայկ Բաբուխանյանի և «Իրավունք Մեդիա» ընկերության հայցով դատական նիստը ընդդեմ Report.am կայքի և լրատվամիջողի թղթակից Էդիկ Անդրեասյանի:
Հայկ Բաբուխանյանի հայցը վերաբերում է report.am-ում հրապարակված «Իրավունքը Հայկ Բաբուխանյանի թրի ծայրին է» հոդվածին, որը, ըստ հայցվորի, արատավորում է իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը: Հայցվորը պահանջում է կայքից 3 միլիոն դրամի փոխհատուցում:
Ինչպես Epress.am-ին հայտնել է պատասխանող կողմի շահերը պաշտպանող փաստաբան Լուսինե Բակումյանը, երեկվա նիստի ժամանակ կողմերը ներկայացրել են իրենց վերջնական հիմնավորումները:
Բաբուխանյանի փաստաբան Վահե Հովհաննիսյանը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ հոդվածն ամբողջությամբ վիրավորանք է իր պաշտպանյալի հասցեին և ոչ մի ստույգ փաստ չի պարունակում:
Հայցվորը մեջբերել է հոդվածից հատվածներ, որոնք, ըստ նրա, վիրավորական են Բաբուխանյանի համար: Հայցվորը զրպարտություն է համարել, օրինակ, հոդվածի հետևյալ նախադասությունը. «Ի՞նչ կարող ես անել՝ մարդն աճում է աչքի առաջ՝ իր որակներով առաջ անցնում բոլորից, ում հաջողվել է կյանքում գեթ մեկ անգամ կուսակցություն քանդել»: Հոդվածի այս հավածը,:
Բացի դրանից, Վահե Հովհաննիսյանը կարծիք է հայտնել նաև, որ Report.am-ը պետք է պատասխանատվություն կրի նաև կայքում` հոդվածի տակ զետեղված անստորագիր մեկնաբանությունների համար, որոնք ևս վիավորական են: Դատական նիստի ժամանակ ներկայացրել է նաև այդ մեկնաբանություններից հետևյալները.
«Այդ փառամոլը իր նպատակին հասնելու համար ոչ մի բանի առաջ չի կանգնի. նա իր շեֆին արանքից հանեց, գրավեց իր տեղը, ընդդիմադիր կուսակցությունները փակելու կոչերով մտավ Սերժի աչքը, հիմա էլ ուզում է ցույց տալ, որ Ռուբեն Հայրապետյանից և Սամվել Ալեքսանյանից ոչնչով պակաս չէ, որ ինքն էլ իբր արժանապատվություն ունի, ինչն էլ լավ գիտի իր գինը՝ 2 միլիոն դրամ»…«Ծո մի հատ ըդոր աշե, չի էլ ամչնա սողունը… «Հայկուշը էս անգամ թքեց փայտիկին»…«Ախր Անդրեասյանն էլա մազալու բան արել, իջել այս քաղաքացու մակարդակին և դրա մասին նյութ գրել ու հիմա էլ ստիպվածա նույն օդը շնչելու, բա արժե՞ր»:
Լուսինե Բակումյանն իր ելույթում հարց է ուղղել հայցվոր կողմին` թե վերջինս արդյո՞ք իրենք փորձել են ճշտել` ով է մեկնաբանություններ թողել report.am-ում: Հայցվոր կողմը պատասխանել է, որ նման փորձ չի արվել, քանի որ report .am-ը ամեն դեպքում պետք է ջնջեր իր կայքից նման մեկնաբանությունները:
Մեկնաբանությունների առնչությամբ փաստաբանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է հայցվորը իրեն վերագրում մեկնաբանություններում հնչած վիրավորանքները, և խնդրեց, որպեսզի հայցվորը ապացույց ներկայացնի, որ, օրինակ, մեկնաբանության «սողուն» բառը վերաբերում է հենց Հայկ Բաբուխանյանին:
Դատարանը լսեց երկու կողմերի դիտարկումները և դատական որոշումը հրապարակելու օրը նշանակեց փետրվարի 27-ը: