Հրազդանի մանկապարտեզներից մեկում տեղակայված թիվ 25/15 ընտրատեղամասը վաղը կայանալիք քաղաքապետի ընտրություններից առաջ անմխիթար վիճակում է գտնվում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարցերի հանձնախմբի ներկայացուցիչ, քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի վստահված անձ Վլադիմիր Կարապետյանը:
Այսօր մանկապարտեզում բացակայել է լուսավորությունը, բացի դա, մարդկանց ոտքերի տակ քանդվելիս է եղել հատակը:
Վլադիմիր Կարապետյանը, այցելով ընտրատեղամաս, տեղեկացրել է, որ կեսօրից հետո ինքը խնդրել է տեղամասի հանձնաժողովի նախագահին, որպեսզի մարդ հրավիրեն քաղաքապետարանից տարածքը բարեկարգելու համար:
Քաղաքապետարանից ժամանել են երկու պաշտոնյաներ, որոնք խոստացել, որ կլուծեն այդ խնդիրը, սակայն դա տեղի չի ունեցել:
«Հիմա հանձնաժողովի նախագահը ստիպված գնացել է լամպեր և էլեկտրալարեր գնելու, որպեսզի լուծեն լուսավորության հարցը», – երկու ժամ առաջ մեզ հետ զրույցում ասել է Վլադիմիր Կարապետյանը: