Հետևելով այսօր Հրազդան քաղաքում տեղի ունեցող ընտրական գործընթացին՝ քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Սասուն Միքայելյանի վստահված անձ, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոյանը եկել է այն եզրակացության, որ բոլոր ադմինիստարտիվ ռեսուրսները օգտագործվել են գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի կողմից: Այս տեսակետը պատգամավորը հայտնել է Epress.am-ի հետ զրույցում:
«Բոլոր ավանդական ընտրախախտումներն այս անգամ էլ են իրականացվում, միայն, բարեբախտաբար, ծեծկռտուքներից դեռ հաջողվում է խուսափել, քանի որ Սասուն Միքայելյանի վստահված անձերը պատշաճ վերահսկողություն են իրականացնում»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը:
Ընտրախախտումներին անդրադառնալով` Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ շատ են եղել դեպքերը, երբ քվեարկողները խնդրել են միասին քվեարկել` պատճառաբանելով, թե վատ են տեսնում, սակայն քվեաթերիկի վրա շատ հանգիստ կարողացել են քվեարկությունը անել:
Արմեն Մարտիրոսյանը պատմել է նաև, որ լրագրողները հայտնաբերել են անուն-ազգանուններով ցուցակ, որտեղ անունների դիմաց դրված են եղել պլյուս-մինուս նշաններ. որոշ մարդկանց անունների առջև գրված է եղել «սասունական», որոշների դիմաց՝ «անհրաժեշտ է օգնել»:
«Տեղամասերից մեկում երկու քվեարթերթիկներ միանգամից քվեատուփը գցելու փորձ է արվել, սակայն դա նկատել է Սասուն Միքայելյանի վստահված անձը և անվավեր է համարել քվեաթերթիկները», – ասել է Արմեն Մարտիրոսյանը:
Պատգամավորը տեղեկություն ուներ նաև, որ որոշ քաղաքացիներ նեղացել են, թե ինչու իրենց ընտանիքների ոչ բոլոր անդամներին են ընտրակաշառք բաժանել:
Հրազդանի ընտրությունները որպես դիտորդ հետևող իրավապաշտպան Արթուր Սաքունցը ևս մեզ հայտնել է ընտրական գործընթացի օրնական կարգը խոչընդոտող միջադեպերի մասին: Իրավապաշտանն ասել է, որ 25/06 ընտրատարածքում ներկայիս Արամ Դանիելյանի վստահված անձը թույլ չի տվել հավատարմագրված լրագրողին նկարահանում անցկացնել ընտրատարածքում: Այս միջադեպը, Սաքունցի խոսքով, նկատել են հանձնաժողովի նախագահը և թույլ տվել լրագրողին մտնել ընտրատարածք:
Տեղեկացնենք նաև, որ ընտրությունների ընթացքին հետևում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը և ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպանի գրասենյակից արագ արձագանքման խմբի ներկայացուցիչները: