Փետրվարի 12-ին Հայաստանի մի շարք համայնքներում ղեկավարի ընտրություններ էին անցնում: Օրվա վերջին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը սկսել է հրապարակել ընտրությունների արդյունքները:
Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում երկու ՀՀԿ-ական թեկնածուներին՝ Ալբերտ Պետրոսյանին և Երվանդ Միքայելյանին պարտության է մատնել անկուսակցական Անանիկ Ոսկանյանը, ով հավաքել է 1177 ձայն: Նրա հիմնական մրցակից Երվանդ Միքայելյանը ստացել է 360 ձայն:
Շիրակի մարզի Նահապետավան գյուղում նույնպես հաղթել է անկուսակցական թեկնածու Գոռ Պետրոսյանը 345 ձայնով: Նրա մրցակիցը՝ «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Սաշա Վարդանյանը ստացել է 125 ձայն:
ՕԵԿ-ի մեկ այլ ներկայացուցիչ Արտյոմ Ալեքսանյանը պարտվել է նույն մարզի Գեղանիստ գյուղում, որտեղ դարձյալ հաղթել է անկուսակցական Աղասի Ղազարյանը՝ հավաքելով 384 ձայն 314-ի դիմաց:
Իսկ ահա Շիրակի մարզի Գառնառիճ գյուղում հաղթող է ճանաչվել ՀՀԿ-ական թեկնածու Վանիկ Մանուկյանը՝ ստանալով 96 ձայն: Նրա դեմ պայքարող կուսակից Մանվել Ղազարյանը ստացել է 9 ձայն: Շիրակի մարզի համանուն համայնքում գյուղապետ է ընտրվել ՀՀԿ-ական Խորեն Հարությունյանը, ով պարտության է մատնել անկուսակցական Կարապետ Հակոբյանին:
Հանրապետական Աղվան Մարտիրոսյանը հաղթել է Շիրակի մարզի Վհարամաբերդ համայնքում, նրա կուսակից Համլետ Պետրոսյանը՝ Բասենում, իսկ մեկ այլ ՀՀԿ-ական Արտակ Եգորյանը՝ Տուֆաշենում:
Բացառիկ թեժ պայքարում են անցել ընտրությունները Շիրակի մարզի Նահապետավան և Արևիկ համայնքներում:
Նահապետավանում ավագանու անդամի պաշտոնի համար պայքարել է 9 մարդ: Հաղթող է ճանաչվել 26-ամյա անկուսակցական Սևակ Թորոսյանը:
Արևիկում ավագանու անդամի թեկնածուները 10-ն են եղել, իսկ հաղթանակը տոնել է անկուսակցական Արմեն Հովհաննիսյանը: