Երեկ Սյունիքի մարզի Կուրիս համայնքում կայացած ավագանու անդամի ընտրություններում հաղթել է անկուսակցական Ռոբերտ Գալստյանը: Այս տեղակատվությունն այնքանով է ուշագրավ, որ Գալստյանը հաղթանակ է տոնել` հավաքելով… 10 ձայն: Էլ ավելի հետաքրքրական է, որ Կուրիսում Գալստյանի դեմ պայքարել են ևս 5 թեկնածուներ, այդ թվում մեկ կին` Նունե Ավետիսյանը, ով 7 ձայն է հավաքել:
Նշենք, որ Կուրիս գյուղը գտնվում է Մեղրի քաղաքից 15 կիլոմետր հեռավորության վրա: Կուրիսում 112 բնակիչ կա, և ավագանու անդամի ընտրություններին իրավունք ունեին քվեարկել նրանցից 56-ը: Տեղական ընտրական հանձնաժողովին հատկացված այդ թվով քվեաթերթիկներից օգտագործվել է 41-ը, և, փաստորեն, Գալստյանը հաղթող է ճանաչվել` ստանալով ձայների մոտ 25 տոկոսը:
Մի փոքր ավելի շատ ձայն` 12, ստացել է Սյունիքի մարզի Վարդավանք գյուղում ավագանու անդամ ընտրված 29-ամյա անկուսակցական Էրիկ Նուրիջանյանը: Նրա դեմ նույնպես 5 թեկնածուներ են պայքարել, որոնցից մեկը` 22-ամյա Դիանա Միրզոյանը հավաքել է 9 ձայն: Գյուղում ավագանու անդամի քվեարկությանը մասնակցել է 50-ը:
Նույն գյուղում կայացած համայնքի ղեկավարի ընտրուններում պայքարել են Լավուրա Համբարձումյանն ու Գարեգին Կոստանդյանը: Վերջինս հաղթել է 38 ձայնով, նրա մրցակիցը հավաքել է 11 ձայն:
Վարդավանքում 120 մարդ է բնակվում: