Երեք տարի շարունակ Ռուսաստանի Վորկուտա քաղաքի բնակչուհին սառնարանի խցում պահել է իր նորածին թոռան դիակը, որին սպանել է իր դստեր ծննդաբերությունից անմիջապես հետո` խիստ սառնամանիքի պայմաններում երեխային պատշգամբում պահելով, հայտնում է Lifenews.ru կայքը:
Երեխայի դիակը հայտնաբերել է մոր հետ բնակվող տղամարդը, երբ բացել է սառցարանը պելմենի վերցնելու համար:
Տարօրինակ մեծ փաթեթը հետաքրքրել է տղամարդուն և նա բացել է այն: Պարզվել է, որ ուտելիքների հետ մեկտեղ տան 36-ամյա տիրուհին իր սառնարանում էր պահում նաև դստեր երեխայի սառեցված մարմինը:
«Հնարավոր չէր անմիջապես պարզել երեխայի սեռը,- պատմել են Վորկուտայի ոստիկանությունում: -Մարմինը ոչ միայն քարացել էր, դեռ ավելին` պարզ էր, որ մարմինը պահվել է այնտեղ մեկ տարուց ավելի»:
Տղամարդն անմիջապես դիմում է ներկայացրել ոստիկանություն, որից հետո նրա զոքանչը ներկայացել է բաժին` խոստովանելով, որ հենց ինքն է ազատվել երեխայից նման սարսափելի միջոցով:
«Կինը մեղայականով ներկայացավ»,-պատմել են իրավապահները: «Նա պատմեց, որ 2009 թվականի դեկտեմբերին իր 16-ամյա դուստրը երեխա էր լույս աշխարհ բերել, և քանի որ ոչ ոք հղիության և ծննդաբերության մասին ոչինչ չգիտեր, որոշել է, որ այդ գաղտնիքը պետք է մեռնի նորածնի հետ: Նա երեխային պատշգամբում է թաքցրել խիստ սառնամանիքների ժամանակ»,-պարզաբանել են ոստիկանությունում:
Երեխան առաջին իսկ գիշերը մահացել է: Անշունչ մարմինն այդպես էլ ընկած է մնացել պոլիէթիլենային փաթեթի մեջ: 2010 թվականի գարնանը, երբ ջերմաստիճանը բարձրացել է, կինը քարացած մարմինը դրել է պատշգամբի սառցարանում: Սարսափելի փաթեթը հայտնաբերել են միայն երեք տարի անց: