Իտալիայում արդեն երկու շաբաթ շարունակվող ցրտերի և ձյան առատ տեղումների հետևանքով տուժել է Հռոմի պատմամշակութային արժեք հանդիսացող Կոլիզեյ ամֆիթատրոնը, հայտնում է Korespondent.net-ը:
Իտալական ԶԼՄ-ների փոխանցմամբ` վատ եղանակային պայմանների արդյունքում ամֆիթատրոնի վերին հատվածից կտորներ են պոկվել:
Հանգստյան օրերին Կոլիզեյը փակ է եղել զբոսաշրջիկների համար, ինչպես ակնկալվում է, այն կբացվի հինգշաբթիից ոչ շուտ:
Առատ ձյան պատճառով Հռոմի իշխանությունները մի քանի օրով դպրոցներում դադարեցրել էին ուսումնական գործընթացը, և արգելել էին քաղաքում մոտոցիկլետներով շրջել: Այսօր այդ արգելքները վերացվել են:
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Եվրոպայում խիստ սառնամանիքներ սկսվեցին, որի հետևանքով վերջին 10 օրերի ընթացքում 500 մարդ է զոհվել: