Երեկ նախկին ՕԵԿ-ական պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ հետ է վերցնելու պատգմավորական մանդատից հրաժարվելու մասին ԱԺ նախագահին տված իր դիմումը:
«Ստիպելու են մանդատից հրաժարվե~լ, թող փորձեն», – հայտարարել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի որոշում էր կայացվել կուսակցությունից հեռացնել պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին, քանի որ վերջինիս քվեարկությունը «Կանխիկ գործառնությունների սահմանափակման» օրենքի ժամանակ համահունչ չի եղել «Օրինաց երկիր» խմբակցության քաղաքական դիրքորոշումներին հետ:
«Այդ մանդատը ինձ ոչ ոք նվեր չի տվել, և իրենց թողնել, որ վայելե՞ն`ոչ: Ես դիմումը հետ եմ վերցնելու, այդ ամիսների աշխատավարձն էլ փոխանցելու եմ Գավառի մանկատանը, որովհետև պետք չէ, որ իրենք դա ուտեն, որովհետև իմ աշխատանքը այնքա~ն են իրենք կերել, որ չեմ ուզում, որ մի կոպեկ էլ հիմա հասնի իրենց: ԱԺ պատգամավորի դերը նրանք են հասցրել մոտավորապես ռուսի ասած` ниже уровня городской канализации (քաղաքային կոյուղու մակարդակից ցածր): Պատգամավորը դարձել է ոչնչություն, բայց դա ինչի՞ց է գալիս, դա գալիս է կուսակցական ղեկավարներից», – ասել է Բաղդասարյանը:
Ըստ նրա, ինքն իր հրաժարականի դիմումը հետ չի վերցնի միայն մի պարագայում, եթե իր երբեմնի կուսակցությունն իրենից ներողություն խնդրի ՕԵԿ-ի անպարկեշտ վարքի համար:
«Այդ մանդատը ինձ պետք չէ: Բայց եթե զանգեն, մի հատ ներողություն խնդրեն, կարող է բարիանամ, ասեմ` դե լավ, բոլոր դեպքերում մարդ են, հեռու իրենցից: Բայց իրենք արժեն, որ դիմումս հետ վերցնեմ»,-հայտարարել է պատգամավորը:
Թերթը նշում է , որ դիմումը հետ վերցնելու վերջնաժամկետը փետրվարի 22-ն է: