Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանն այսօր մասնակցել է իր գործով դատական նիստին: Հիշեցնենք, որ վերջին երկու նիստերին նա բացակայում էր, քանի որ դատավոր Գագիկ Պողոսյանը նրա նկատմամբ սանկցիա էր կիրառել:
Դատական նիստի ժամանակ շարունակվել է գործով որպես տուժող անցնող ոստիկան Հայկ Նաջարյանի հարցաքննությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին` Սահակ Մուրադյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս, Արեգ և Վահագն Գևորգյաններին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ է մնացել միայն Տիգրան Առաքելյանը:
Այսօրվա նիստին Սարգիս Գևորգյանը հիշեցրել է, որ Նաջարյանն իր ցուցմունքում գրել է, որ ակտիվիստները հայհոյել են իրեն, ու հարցրել է, թե ով է կոնկրետ եղել հայհոյանքների հեղինակը:
Նաջարյանը պատմել է, որ ինքը Տիգրան Առաքելյանին ասել է` «հանգիստ մնա, դիմացդ ոստիկան է», ինչին Առաքելյանը պատասխանել է. «Տո լավ է, դո՞ւ ես ոստիկան»: Ապա Նաջարյանը նշել է, որ իրեն քաշքշել է Դավիթ Քիրամիջյանը:
Նաջարյանը նաև ասել է, որ իրենք բերման են ենթարկել երիտասարդներին` համարելով դա իրավիճակի վերահսկում: Նաջարյանի խոսքով` դեպքի վայրում եղել են նաև աղջիկներ, որոնք խոչընդոտում էին, որ իրենք երիտասարդներին բերման ենթարկեն:
Սարգիս Գևորգյանի հարցին, թե այդ դեպքում` ինչու աղջիկներն էլ բերման չեն եթարկվել, նա պատասխանել է. «Դե աղջիկներին որ ինչ բերման ենթարկեինք»:
Տիգրան Առաքելյանը հիշեցրել է, որ ակտիվիստների ու ոստիկանների միջև նման մի միջադեպ էլ 2010 թվականի մայիսի 31-ին է տեղի ունեցել, և բերման ենթարկվածներից 8-ն իգական սեռի ներկայացուցիչներ են եղել:
Նաջարյանի խոսքով` «այն ժամանակ ուրիշ էր, հիմա` ուրիշ»:
Ոստիկանը նաև պնդել է, որ դեպքի վայրում չի տեսել Արտակ Կարապետյանին, սակայն Առաքելյանը հիշեցրել է, որ հենց Նաջարյանն էր օգնում Կարապետյանին բարձրանալ, երբ վերջինիս հարվածում էին մյուս ոստիկանները:
Որպես ցուցմունքի ամփոփում ոստիկանին հարցեր է տվել դատավոր Գագիկ Պողոսյանը: Նա հարցրել է Նաջարյանին, թե ով է իրեն հարվածել կամ հայհոյել, ինչին ոստիկանը պատասխանել է, որ Տիգրան Առաքելյանն իրեն ասել է. «Տո լավ է, դո՞ւ ես ոստիկան»: Ոստիկանի խոսքով` Սարգիս Գևորգյանն անձամբ իրեն չի հայհոյել, այլ «հայհոյել է իրենց համակարգին», իսկ Քիրամիջյանը հարվածել է իր պարանոցի աջ հատվածին: Նաջարյանը չի կարողացել ասել` արդյոք Քիրամիջյանի հարվածը դիտավորյալ է եղել:
Դատախազ Հակոբ Մարտիրոսյանը միջնորդել է դատարանին հրապարակել Հայկ Նաջարյանի նախաքննական ցուցմունքը` նշելով, որ դրանում և դատարանում տված ցուցմունքներում կան էական հակասություններ:
Պաշտպանակն կողմը առարկել է` համարելով, որ տուժողի ցուցմուքներում էական հակասություներ չկան: Այնուամենայնիվ, դատավորը բավարարել է միջնորդությունը` նշելով, որ ցուցմունքը կհրապարակվի հաջորդ դատական նիստին, որը կկայանա փետրվարի 22-ին, ժամը 12:00-ին: