Փետրվարի 12-ին Հայաստանի հասարակությունը ստացավ ևս մեկ ապացույց, որ իշխանությունները ոչ մի դաս չեն քաղել անցյալից և կրկին պատրաստ են դիմել զանգվածային ապօրինությունների, անձնագրային հաշվառումների կեղծարարության, վարչական ռեսուրսի օգտագործման, ընտրակաշառքի բաժանման, միայն թե պաշտպանեն ոչ լեգիտիմ ռեժիմի կառավարումը: Այսօր Ազգային ժողովում 100 տոկոսանոց մեծամասնական ընտրակարգին անցնելու մասին քննարկման ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Մենք եկել ենք այս լսումներին, քանի որ երկիրը սպասում է արմատական լուծումների: Դրանք մեր ժողովրդին պետք է հույս տան, որ իշխանության ոչ լեգիտիմության ճգնաժամը հնարավոր է լուծել սահմանադրական եղանակով՝ օրինական ընտրությունների միջոցով: Բոլորը պետք է հասկանան, որ այլընտրանքը ժողովրդի անկառավարելի ընդվզումն է և հեղափոխական ցնցումներով հարցը լուծելու հակվածությունը: Արատավոր ընտրական համակարգի և ընտրակեղծարարության պատճառով վտանգված է երկրի զարգացումը, կատարվել է ամենավտանգավորը՝ ժողովրդի օտարումը իշխանությունից: Մարդիկ լքում են երկիրը ոչ այնքան ծանր սոցիալ-տնտեսական վիճակի պատճառով, այլ, նախևառաջ, որովհետև դադարել են մասնակից լինել սեփական երկրի կառավարմանը և կառուցմանը: Իշխանությունն այսօր ընկալվում է որպես բռնազավթիչների ավազակախումբ: Իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ են ընտրական համակարգի առողջացման արմատական քայլեր: Միայն այդպես է հնարավոր վերականգնել ժողովրդի հավատը ընտրական գործընթացի վերաբերյալ՝ ստեղծել պետություն, որում իշխանությունն ընտրվում է, օգտվում է ժողովրդի վստահությունից և հաշվետու է նրա առջև», – հայտարարել է Զուրաբյանը:
Զուրաբյանը նշել է, որ մեծամասնական ընտրական համակարգը Հայաստանում վերածվել է մեծագույն չարիքի:
«Այն իրականում դարձել է մի սիմբիոզ՝ տեղական օլիգարխների կամ հեղինակությունների և իշխող կուսակցության միջև, որը գործում է հետևյալ պարզագույն սցենարով: Իշխանությունները հովանավորում են տեղական հեղինակությանը վարչական ռեսուրսով և ընտրական հանձնաժողովներում կատարվող կեղծարարությամբ, օգտվում են ընտրվել մեծամասնական ընտրատարածքում, իսկ տեղական հեղինակությունը կամ օլիգարխն այդ ծառայության դիմաց ներդնում է ֆինանսական, ուժային և կրիմինալ ռեսուրսներ՝ ընտրողներին կաշառելու և ահաբեկելու նպատակով: Մեծամասնական համակարգի վերացումը կջախջախի ընտրական կոռուպցիայի այս առանցքային օղակը: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ համամասնական կամ մեծամասնական ընտրական համակարգերի միջև համեմատությունը տեսական կամ վերացական հարց չէ: Ինչո՞ւ այս համակարգերը լավը կամ վատը չեն: Ամեն ինչ որոշվում է երկրի զարգացման և կոնկրետ ստեղծված վիճակի համատեքստում: Իտալիայում, օրինակ, համամասնականից անցան մեծամասնական համակարգի, քանի որ կոռումպացրել էին կուսակցական ապարատները, իսկ հետո նորից հետ գնացին, որովհետև սկսել էին կիրառել տեղերում կոռումպացված նույն ձևը, ինչը մենք ունենք այսօր Հայաստանում:
Այսօր բացառիկ շանս ունեք գնալու համաձայնության ճանապարհով: Մի տարեք երկիրը առճակատման, փորձեք մի քայլ կատարել ընդդիմությանն ու հասարակությանը ընդառաջ, իսկ եթե նորից համառեք, չզարմանաք հետևանքների համար: Այսօր մենք միայն զգուշացնում ենք, իսկ որոշում եք դուք: Ճիշտ որոշում ընդունեք, մինչև դեռ այս հնարավորությունն ունեք», – Ազգային ժողովին դիմելով` ասել է Զուրաբյանը: