Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ադրբեջանը պետք է օգտագործի Չեչնիայի խնդիրները լուծելու հարցում Ռուսաստանի փորձը: Բաքուն պետք է դիմի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը Ադրբեջանի քաղաքացի դառնալու առաջարկով, քանի որ նրանք այլընտրանքային տարբերակ չունեն: Նման կարծիք է հայտնել «Անա Վեթեն» («Հայրենիք») կուսակցության նախագահի տեղակալ, Ադրբեջանի պաշտպանության և անտվտանգության խորհրդարանական հանձնաժողովի անդամ Զախիդ Օրուջը, հայտնում է «Շարգ» թերթը:
Նրա կարծիքով` Ադրբեջանը որոշակի փուլում Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ կարող է առաջարկել: «Այդ ընթացքում ԼՂ-ի հայկական համայնքին կարելի է բանակցությունների մեջ ներքաշել: Նրանց կարելի է համոզել ճանաչել Ադրբեջանի սահմանադրությունը, ինչը հնարավորություն կբացի տարածաշրջանում ենթակառուցվածքների և սոցիալ տնտեսական զարգացման համար` Ադրբեջանի բյուջեից տրվող բարձր դրամաշնորհների հաշվին»:
Օրուջը կարծում է, որ Ադրբեջանը պետք է Ղարաբաղի հայերի շրջանում Ղարաբաղի և Հայաստանի ներկայիս իշխանություններին չենթարկվող համապատասխան ուժեր գտնի. «Այսինքն Ադրբեջանը կարող է օգտվել Չեչնիայում Ռուսաստանի փորձից: Ներկայումս մենք Չեչնիայում իրավիճակի կարգավորման և զարգացման ականատես ենք: Ինչպե՞ս դա տեղի ունեցավ:
Բնականաբար, այն պատճառով, որ Ռուսաստանը Չեչնիայում իրեն հարազատ Կադիրովներ է գտել, որոնք կարողացան իրենց շուրջ միավորել չեչեններին և համոզեցին Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մեջ: Իհարկե, նրանք իրենք իրենց չեն հայտնվել, նրանց Ռուսաստանն է մեծացրել: Մոսկվան հետազոտել է իրավիճակը և գտել ռուսամետ տրամադրություններ և միաժամանակ անջատողականությանը դեմ չեչենների»,-պարզաբանել է Օրուջան:
Պատգամավորի խոսքով` նմանատիպ աշխատանք Ադրբեջանը պետք է իրականացնի Ղարաբաղի հայերի հարցում: