«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը, ով հայտնվել է համընդհանուր ուշադրության կենտրոնում ռադիոկայանի տնօրենների խորհրդում փոփոխություններ իրականացնելու որոշման կապակցությամբ, կանչվել է դատախազություն:
«Դուպլետ!!! Վաղը հրավիրված եմ դատախազություն Տամբովի քաղաքացու կողմից ներկայացված բողոքի վերաբերյալ պարզաբանումներ տալու համար, բողոքը վերաբերում է աշխատանքային օրենսգրքին «Էխո»-ի կանոնադրության անհապատասխանությանը».-իր Twitter-ում գրել է Ալեքսեյ Վենեդիկտովը:
«Որտեղի՞ց է Տամբովի քաղաքացին ձեռք բերել մեր կանոնակարգը», – զարմանում է լրագրողը:
«Ճիշտ ձևով չենք ընտրում գլխավոր խմբագրին», – տամբովցու բողոքի իմաստը բացատրել է Վենեդիկտովը:
«Իհարկե իրավաբանը կգնա Պրեսնենսկի դատախազություն: Լուսաբանելու եմ նրանց ամեն մի քայլը: Եվ հանգամանորեն», – խոստացել է նա:
Նշենք, որ նախօրեին Վենեդիկտովը հայտնել էր, որ ռադիոկայանի 66,66% բաժնետոմսերի սեփականատեր «Գազպրոմ-մեդիա» հոլդինգը պահանջել է «Էխո»-ի տնօրենների խորհրդի վաղաժամ հրաժարականը, ինչպես նաև անկախ տնօրենների կազմի փոփոխություն: Անձամբ Վենեդիկտովը և նրա տեղակալ Վլադիմիր Վարֆոլոմեևը արդյունքում դուրս կգան խորհրդից, իսկ «Գազմպրոմը» կամրապնդի իր դիրքերը: Սակայն գլխավոր խմբագրի պաշտոնը թողնել Վենեդիկտովը դեռևս չի պատրաստվում, ռադիոկայանի տնօրենի առաջիկա ընտրությունները կկայանան միայն երկու տարի անց:
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագրի կարծիքով «Գազպրոմ-մեդիա»-ի ներկայացուցիչների դերի ավելացումը տնօրենների խորհրդում թույլ կտա նրանց ցանկության դեպքում իրեն թոշակի ուղարկել: Տնօրենների խորհրդի հետ առաջացած անսպասելի խնդիրները, որոնք մեդիահոլդինգը սովորական կորպորատիվ գործընթաց է համարում, Վենեդիկտովը կապում է «Էխո»-ի տեղեկատվական քաղաքականության վերաբերյալ պաշտոնյաների դժգոհության հետ: Վերջերս մասնավոր զրույցի ժամանակ ՌԴ վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը բողոքել էր Վենեդիկտովին, որ վերջինս «կեղտ է լցնում» իր վրա:
Նշենք, որ եթե Տամբովի քաղաքացու բողոքը հիմնավորվի, ռադիոկայանի կանոնադրությունը կարող է հակաօրենսդրական համարվել, ինչը թույլ կտա Վենեդիկտովին ավելի հեշտությամբ դուրս մղել ռադիոկայանից: