Փետրվարի 14-ին Իրանի երեք քաղաքացիներ փորձել են ահաբեկչություն իրականացնել Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկի իսրայելցի դիվանագետների, այդ թվում` դեսպանի նկատմամբ: Այս մասին Agence France-Presse-ին հայտնել է թայլանդական հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: Ահաբեկչության երկու կազմակերպիչները ձերբակալված են, ևս մեկը հետախուզման մեջ է գտնվում:
Ավելի վաղ հաղորդվում էր Բանգկոկի փողոցներից մեկում երկու ռումբ պայթեցրած ահաբեկչի մասին: Առաջին պայթուցիկը նա նետել էր մոտակայքում գտնվող մեքենայի վրա, իսկ երկրորդը ժամանակից շուտ էր գործարկվել, երբ ոստիկանները փորձել էին ձերբակալել տղամարդուն: Արդյունքում ահաբեկիչը կորցրել էր ոտքը, տուժել էին Թայլանդի 4 քաղաքացիներ: Այնուհետև տեղի ոստիկանությունը գտել և վնասազերծել էր ևս երկու պայթուցիկ սարք:
Թեև պայթյունները տեղի են ունեցել Իսրայելի դեսպանատնից բավական մեծ հեռավորության վրա, այս երկրի իշխանությունները ենթադրում են, որ ահաբեկիչների թիրախն են եղել հենց իրենց երկրի քաղաքացիները: Միաժամանակ, նրանք պարզել են, որ ահաբեկչությունները ուղղված են եղել կոնկրետ անհատների դեմ. ռումբի պատրաստման եղանակը թույլ է տալիս եզրակացնել, որ դրանք նախատեսված չեն եղել ամբոխում պայթեցնելու համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին ահաբեկչության երկու փորձեր եին իրականացվել Թբիլիսիի և Դելիի իսրայելական դեսպանատների մոտ: Հնդկաստանի մայրաքաղաքում Իսրայելի դեսպանատան մեքենա էր պայթել, որի հետևանքով մեկ դիվանագետ էր վիրավորվել: Թբիլիսիում պայթյունը հնարավոր էր եղել կանխել, այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցը դեսպանատան մոտ կայանած մեքենայում պայթուցիկ էր հայտնաբերել: Դեսպանատան աշխատակիցը ոստիկանություն էր կանչել, որն էլ չեզոքացրել էր ռումբը:
Նշենք, որ իսրայելական մամուլը այս գործողությունները կապում է լիբանանյան «Հըզբոլա» կազմակերպության հետ, որը նախորդ տարի միևնույն ժամանակահատվածում աշխարհով մեկ իսրայելական դեսպանատներին ահաբեկչական սպառնալիքներ էր ուղարկել: Դրանք պայմանավորված են, ըստ իսրայելական ԶԼՄ-ների, «Հըզբոլա»-ի առաջնորդներից մեկի` 2008 թվականին ավտոմեքենայի պայթյունի հետևանքով սպանված Իմադ Մուղնիեի մահվան տարելիցի հետ: