ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ձախողել է փետրվարի 12-ին Հրազդանում կայացած քաղաքապետի ընտրությունները քաղաքական առումով: Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը
«Եվրոպական կառույցներին խոստումներ են տալիս (իշխանությունները), իսկ Հրազդանը ապացուցեց, որ Սերժ Սարգսյանը սուտասան է: Ընտրությունները ապացուցեին, որ այս իշխանություններն ի վիճակի չեն արդար ընտրություններ կազմակերպել», – ասել է Մանուկյանը:
Այն, ինչը որպես վստահված անձ դիտարկող Արամ Մանուկյանը տեսել է Հրազդանի ընտությունների ժամանակ, նրան հիշեցրել է Վիկտոր Հյուգոյի, Ֆրանց Կաֆկայի, Մաքսիմ Գորկու գրքերը կամ դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերը:
«Ես ճակատ առ ճակատ բախվեցի աղքատությանը և արտագաղթի հետևանքներին: 5000 դրամը հաղթեց քաղաքացուն: Ես այդտեղ զզվեցի, նողկանք ապրեցի մեր իշխանություններից, որ մեր ժողովրդին այն վիճակի են հասցրել, որ 5000 դրամը մարդկանց համար փրկություն էր», – ասել է Արամ Մանուկյանը:
ՀԱԿ ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ իր տեսախցիկով նկարահանել է մարդկանց, ովքեր խոստովանել են, որ կաշառք են վերցրել, իսկ Արամ Դանիելյանի վստահված անձերն ասել են, որ շատ բնական է, որ իրենց ընկերոջ համար իրենք փող են բաժանել:
Արամ Մանուկյանը պատմել է նաև, որ Հրազդանի ընտրություններին մասնակցել են մարդիկ հատուկ բերված այլ քաղաքներից, և, ըստ բանախոսի, այդ մարդկանց հետագայում չբացահայտելու համար է, որ ընտրական հանձնաժողովը հրաժարվել է կատարել Ընտրական օրենսգրքի իմպերատիվ պահանջը` կնիք խփելը քվերակող քաղաքացիների անձնագրերի մեջ կատարել:
Ընտրախախտումներ անելու ամենամեծ գործիքը, ըստ Արամ Մանուկյանի, ցուցակներն են, այդ իսկ պատճառով Մանուկյանը կարծում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը երբեք չի հրապարակի դրանք: Խորհրդարանական ցուցակների «նախապատրաստման» աշխատանքներ, ըստ Արամ Մանուկյանի, իշխանությունները արդեն սկսել են: Մասնավորապես` համատիրության աշխատակիցները մտնում են մարդկանց տները` ծանուցում աղբահանության մասին օրենքի մասին, ստորագրահավաք անում, տեղեկանում, թե շենքում ովքեր են ապրում, իսկ ովքեր` ոչ: