Home / Հայաստան / Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ը նոր բանաձև կընդունի. Մոսկվան ու Պեկինը չեն խանգարի

Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ը նոր բանաձև կընդունի. Մոսկվան ու Պեկինը չեն խանգարի

Երեկ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի քննարկմանն է ներկայացվել Սիրիայի վերաբերյալ նոր բանաձևը, հայտնում է Agence France-Presse-ը` հղում կատարելով դիվանագիտական շրջանակների սեփական աղբյուրին: Բանաձևը մշակվել է Սաուդյան Արաբիայի և Քաթարի ներկայացուցիչների կողմից և ներկայացվել Գլխավոր ասամբլեա փետրվարի 14-ին: Բանաձևի վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 16-ին:

Ըստ նույն աղբյուրի` փաստաթղթում կոչ է արվում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին դադարեցնել բռնությունը հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ և լքել պաշտոնը: Բացի այդ, փաստաթղթի հեղինակները կողմ են հանդես գալիս ՄԱկ-ի հատուկ պատվիրակին Սիրիա ուղարկելու գաղափարին:

Բանաձևի նախագիծը ընդհանուր առմամբ նման է նախկինում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) կողմից ներկայացված փաստաթղթին, որը կրկին վերաբերում էր Սիրիայում ստեղծված իրավիճակի կարգավորմանը, սակայն նոր բանաձևում բացակայում է Սիրիա խաղաղարարներ ուղարկելու ԱՊԼ-ի նախաձեռնությունը:

Նշենք, որ փետրվարի 4-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ ներկայացված Սիրիայի վերաբերյալ բանաձևը արգելափաիկվել էր Ռուսաստանի և Չինաստանի կողմից, որոնք այն «ոչ հավասարակշռված» էին համարել: Ակնկալվում է, որ Մոսկվան և Պեկինը կրկին դեմ կլինեն այս նոր բանաձևին, սակայն նրանք չեն կարողանա խանգարել դրա ընդունմանը, քանի որ այս մարմնում քվեարկության ընթացքում ոչ մի պետություն իրավունք չունի վետո դնել բանաձևի վրա: Դիվանագետները կարծում են, որ նոր բանաձևը կընդունվի:

Հիշեցնենք, որ Սիրիայում 2011-ի մարտից սկսված և մինչ այժմ չդադարող Բաշար Ասադի ռեժիմի դեմ ուղղված զանգվածային բողոքի ակցիաների հետևանքով տարբեր գնահատականներով 5000-7000 մարդ է զոհվել: