Այսօր վաղ առավոտից Մարգարյանի անվան հիվանդանոցի այգու սկզբնամասում 6 օր շարունակ բողոքի ակցիա անցկացնող բնապահպանների ու շինարարություն իրակակնացնելու համար այգի եկած բանվորների միջև ծագած տարաձայնությունները կեսօրին մոտ կրկին ավարտվեցին ի օգուտ բնապահպանների: Շինարարները կրկին փորձել են սկսել աշխատանքներն այգում, սակայն ակտիվիստները ժամեր շարունակ պատ կազմած պայքարել են ՝ արգելելով բետոնախառնուրդ տեղափոխող մեքենային մոտենալ կիսակառույց կրպակներին:
Հիշեցնենք, որ բնապահպանները պահանջում են քաղաքային իշխանություններից այգում չտեղադրել Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները:
Շինարարների և ակտիվիստների պայքարի վերջում բնապահպաններից մի քանիսն անգամ «օգնել են» շինանյութը դուրս բերել այգու տարածքից՝ հրելով ձյան մեջ խրված մեքենան: Այս ամենն ուղեկցվել է ակտիվիստների ծափերով ու երգերով:
Մինչ մեքենայի հեռանալը ակցիայի մասնակիցները երկար ժամանակ բանակցել են խմբված ոստիկանների հետ, ովքեր հորդորել են ակտիվիստներին բացել մեքենայի ճանապարհն ու թույլ տալ տեղ հասցնել բետոնը, այլապես այն կսառչի:
Ակտիվիստները համառել են՝ ասելով, որ ոչ մի դեպքում նման բան թույլ չեն տա, և մեղադրել են ոստիկաններին անօրինությունները կոծկելու մեջ:
«Մեքենան մի քանի անգամ փորձ կատարեց քշել հավաքվածների վրա, ու հենց ոստիկանների աչքի առաջ: Բոլոր ականատեսները կփաստեն դա: Ոստիկանները մեղադրում են մեզ, թե մենք խոչընդոտում ենք շինարարական աշխատանքները, հասարակական կարգ ենք խախտում, բայց երբ մեքենան քշում է մեզ վրա, ինչու են մեր ոստիկանները փաստաբանի դեր ստանձնում, պաշտպանում այս կազմակերպությանը: Ասում են՝ դուք փակում եք, այս մարդը պիտի գնա աշխատի, բայց որ այդ մարդը կարող է 10-15 հոգու տրորել անիվների տակ, գնալ արյունահեղություն, դա կարելի է», – Epress.am-ի հետ զրույցում ասել է բնապահպան Մարիամ Սուխուդյանը:
Բնահապպանները նշել են, որ բացի կրպակներից այգու սկզբնամասում գտնվող սրճարաններից մեկը նույնպես ընդլայնվում է` օգտագործելով այգու տարածքը:
ՀԱԿ անդամ, Կանաչների կուսակցության ղեկավար Արմենակ Դովլաթյանն այգի ժամանած Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին խնդրել է պարզաբանել, թե ինչ հիմքերով է ընդլայնվում վերոնշյալ սրճարանը, ինչին ի պատասխան` ՄԻՊ-ի գրասենյակի ներկայացուցիչները հորդորել են դիմում ներկայացնել իրենց գրասենյակ:
Ակտիվիստներից Էլեն Մելքոնյանը Epress.am-ի թղթակցին պատմել է սրճարանատիրոջ հետ իրենց զրույցի մասին: Սրճարանատերը նշել է, որ ակտիվիստների հետ «մարդավարի է խոսում», բայց պատրաստ է «20 հոգու դիակ էլ փռել» սրճարանի ընդլայնման կասեցումը թույլ չտալու համար: Մելքոնյանը նշել է, որ այդ մարդու ազգանունը չգիտի, անունը Արսեն է:
Ավելի ուշ այգի է եկել Քաղաքապետարանի ճարտարապետական վարչությունից Գեղամ Մանուկյանը` բերելով կրպակների մոնտաժումը թույլ տվող փաստաթղթերը, որոնք ակտիվիստները պահանջում էին իրենց ներկայացնել:
«Իրենց ներկայացրած փաստաթղթերի տվյալներով պարզ էր, որ դա օրինական տրված չէր: Այնտեղ նշված էր, որ կառուցապատման տարածքը 10,000 քմ-ից ավել է, իսկ 1500 քմ-ից ավելի տարածք օգտագործելու դեպքում պետք է անցկացվեն հասարակական լսումներ ու բնապահպանական փորձաքննություն, որը չի եղել», – ասել է բնապահպան ակտիվիստ Արմո Սաֆարյանը:
Ակցիայի մասնակիցներին միացած «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ պարզ է, որ այգում իրականացվում է ապօրինի շինարարություն, որի համար այս պահի դրությամբ վարչական վարույթ չի հարուցվել: Նա նշել է, որ այգու տարածքում ՀՀ օրենքների կոպիտ ոտնահարմամբ ակնհայտ ապօրինի շինություններ են կառուցվել:
«Հիմա պատրաստվում ենք գրավոր պահանջել ներկայացրած փաստաթղթերը ու այնուհետ շարունակել բողոքարկման գործընթացը: Պետք է պայքարել և իրավական դաշտում, և այգում՝ չնայած ցրտին: Մեր իշխանությունը արգելելու է բողոքի ակցիայի մասնակիցներին տաքություն ապահովել այգում, քանի որ մտավախություն ունի, որ հավաքները կդառնան շուրջօրյա: Կարևոր մի փաստ ևս նշեմ, որ մեր քաղաքային իշխանությունները, ոստիկանությունը սերտորեն համագործակցում են այս այգու տաղավարների սեփականատերերի հետ և շատ մտերիմ հարաբերությունների մեջ են: Նրանք հովանավորում են ապօրինի շինարարությունը», – եզրափակել է Փոստանջյանը: