ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը պատրաստակամություն է հայտնել կրկին առաջադրվել նախագահի պաշտոնի համար: Երեկ այ մասին նախագահը հայտարարել գրանցված կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպման ընթացքում:
Մեդվեդևը «Գորկի» նստավայրում ընդունել է կուսակցությունների առաջնորդներին, որոնց հետ քննարկել է իր վերջին քաղաքական բարեփոխումների ծրագիրը: Դեռևս նախօրեին հայտնի էր, որ նրա նախաձեռնությունների հանդեպ բազմաթիվ դժգոհություններ կան: Այնպես որ երեկ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ իր նախաձեռնությունների լրամշակման նպատակով աշխատանքային խումբ է ստեղծում:
Ինչպես РБК daily-ն հայտնել է «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության նախագահ Նիկոլայ Լևիչևը` բոլոր հնչեցված նախաձեռնությունները մեկնաբանելուց հետո, Մեդվեդևը հավելել է, որ ծրագրում է հետագայում էլ համագործակցել այս ձևաչափի մասնակիցների հետ: «Ես չեմ պատրաստվում որևէ տեղ հեռանալ, և ավելին, պատրաստվում եմ առաջադրվել նախագահական ընտրություններում: Եվ հաճույքով կհանդիպեմ ձեզ հետ նախագահական արշավների շրջանակներում անցկացվող բանավեճերին»,- հավելել է նա:
«Կարծում եմ, որ Մեդվեդևը մտադիր է ցույց տալ, որ ինքը մնում է քաղաքականության մեջ: Գլոբալ համաձայնեցված ծրագրեր այստեղ չեմ տեսնում»,-հայտարարել է քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Մակարկինը: Փորձագետի խոսքով` «Մեդվեդևի գլխավոր խնդիրը ներկայումս նրանում է, որ քաղաքական դասը դադարել է նրան լուրջ ընկալել, նա փորձում է փոփոխել այդ իրավիճակը»: