Վրաստանում պարտադիր զինծառայության ժամկետը կավելանա` 12 ամսից դառնալով 15: «Ինտերպրեսնյուզ»-ի փոխանցմամբ` օրենքում ասվում է, որ «պարտադիր զինծառայության համար նախատեսված 12 ամիսները բավարար չեն զինակոչիկներին համապատասխան մարտական պատրաստակամության բերելու համար»:
Օրինագծի հեղինակը պաշտպանության նախարարությունն է, իսկ նախաձեռնողը` պատգամավոր Կախա Սուխիշվիլին:
Վրաստանում գարնանային զորակոչը այս տարի սկսվել է հունվարի 23-ին և շարունակվելու է մինչև հունիսի 30-ը:
Նախագահի կարգադրության համաձայն, Ներքին գործերի ստորաբաժանումներ պետք է զինակոչվեն 1300 քաղաքացիներ, պատիժների իրականացման արտաքին հսկման ծառայություն` 650, Պաշտպանության նախարարության զինված ուժեր` 2397:
2011 թվականի աշնանային զինակոչի ընթացքում Վրաստանում զինվորական ծառայության է կանչվել մոտ 7600 մարդ: Ինչպես հայտնել է տարածաշրջանային և ենթակառուցվածքային զարգացման նախարարը, աշնանային զորակոչը հաջող է ընթացել և ավարտվել նշված ժամկետից 10 օր շուտ:
Նրա խոսքով` աշնանը զորակոչված երիտասարդների շնորհիվ ամբողջությամբ լրացվել են պատժամիջոցների իրականացման նախարարության, իրավաբանական օգնության, պաշտպանության և ներքին գործերի ստորաբաժանումները:
Ընդհանուր առմամբ 2011 թվականին Վրաստանում զինծառայության է կանչվել 13000 մարդ: Իսկ 2010-ին երկու զինակոչների ընթացքում 2010 թվականին բանակ էր զինակոչվել 6923 մարդ: