«Ժառանգություն» և ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունները փետրվարի 28-ին Ազգային ժողովում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցը դնելու են քվեարկության, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Համաձայն օրենքի, եթե որևէ հարցի համար պատասխանատու ԱԺ հանձնաժողովը ցանկություն չի հայտնում հարցը մտցնել ԱԺ օրակարգ և այդ առիթով տալիս է բացասական եզրակացություն, ապա խորհրդարանական ուժերը կարող են այն անհետաձգելի ճանաչել, և քառօրյայի երկրորդ օրվա երկրորդ նիստի ընթացքում քննարկման հանել, ապա հարցը դնել քվեարկության:
Ինչպես նշում է «ՉԻ»-ն, խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է այդ քայլին գնալ, իսկ հարցի քննարկման օրը քաղաքական ուժերը բողոքի ակցիա կկազմակերպեն ԱԺ շենքի մոտ, որի նպատակն է այդ հարցի առիթով մեծացնել հասարակական ճնշումը և ընդգծել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից գլխավորած Հանրապետական կուսակցությունը դեմ է գնում հասարակական պահանջին:
Թերթի տեղեկություններով, հայտարարվելու է քաղաքական ուժերի համատեղ բողոքի ակցիա` հասարակական լայն շերտերի ներգրավմամբ: Ֆորմատը բաց է լինելու, և բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու անհատ քաղաքացիները կարող են մասնակցել բողոքի ակցիային: