Փետրվարի 9-ին ԱԺ հերթական նիստում պատգամավորներ Արա Բաբլոյանի, Հերմինե Նաղդալյանի, Գագիկ Մելիքյանի և Արեգ Ղուկասյանի կողմից ԱԺ կանոնակարգի խախտում թույլ տալու` բացակա պատգամավորների փոխարեն քվեարկելու և այդ կապակցությամբ նրանց նկատմամբ կարգապահական որևէ միջոց չձեռնարկելու վերաբերյալ «Հայկական պառլամենտարիզմի կենտրոն» կազմակերպության ղեկավար Ռուբեն Թորոսյանի հաղորդումն ուղարկվել է ԱԺ նախաահի քննարկմանը: Այս մասին Epress.am-ին հայտնել են ՀՔԾ-ից:
Հիշեցնենք, որ Թորոսյանը դիմել էր ՀՔԾ` պահանջելով քրեական գործ հարուցել նշված պատգամավորների դեմ` լիազորությունների գերազանցման և ուրիշի փոխարեն քվեարկելու համար:
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ դիմումն այս պահին ուսումնասիրվում է, իսկ քրեական գործ դեռևս չի հարուցվել:
Հիշեցնենք, որ սկանդալային քվեարկությունը տեղի է ունեցել փետրվարի 9-ին, երբ ընդունվել է մի քանի օրինագիծ, այդ թվում` «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը: Քվեարկության ընթացքը նկարահավել է տեսախցիկներով: