Այսօր ժամը 16:00-ին Մաշտոցի այգու համար պայքարող երիտասարդ ակտիվիստներին հանդիպել են Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ, ռեժիսոր Արա Երնջակյանը և իրավաբանական վարչության անդամ Զավեն Առաքելյանը:
Նրանք եկել են ներկայացնելու խնդրի վերաբերյալ քաղաքապետարանի դիրքորոշումը, սակայն բնապահպան ակտիվիստները Արա Երնջակյանին որպես քաղաքապետարանի ներկայացուցիչ ընդունել հրաժարվել են: Նրանց միջև զրույցն ավարտվել է փոխադարձ վիրավորանքներով, և ակտիվիստները ստիպել են Երնջակյանին հեռանալ:
Բնապահպանների անունից խոսող Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԶարուհիՓոստանջյանի այն հարցին, թե որպես ով է Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը սկսել զբաղվել քաղաքապետարանի իրավասության տակ գտնվող հարցով, Արա Երնջակյանը պատասխանել է, որ եկել է որպես երևանցի և մտահոգ քաղաքացի: Զարուհի Փոստանջյանի դիտարկմամբ՝ Արա Երնջակյանը Մերուժան Տեր-Գուլանյանի նման մի մտավորական է, որը փորձում է պաշտպանել իշխանություններին:
«Սա պայքարի սխալ ձև է, դուք դրանով խախտում եք ՀՀ օրենքը: Պայքարի հազար ու մի այլ ձևեր կան»,- ասել է Երնջակյանը:
«Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանի խոսքով` ավագանին և դրա անդամները ոչ մի կապ չունեն այգում կատարվող շինարարության հետ կապված որոշման հետ: Այդ հարցը քաղաքապետի իրավասության տակ է գտնվում:
Երնջակյանի բերած փաստաթուղթը ձեռքին` Անահիտ Բախշյանը մոտեցել է շինարարներին և ասել, որ պետք է դադարեցնեն շինարարությունը:
Երևանի փոխոստիկանապետ Կարեն Մովսիսյանը հայտնել է, որ կրպակներից առաջինը արդեն սկսել են քանդել: Այն հարցին, թե ինչու հինգ մետրի վրա այդ պահին զոդում են իրականացնում և ըստ էության շարունակում շինարարությունը, շինղեկն ասել է, որ իրեն «վերևներից ասել են այդ շենքի շինարարությունը դադարացրու, էն մեկը` սկսի»:
Փաստորեն, Երնջակյանի նամակը իրական պատասխան չի տալիս խնդրին, ասում են բնապահպանները:
«Մենք քաղաքապետարանից պահանջել ենք շինարարության իրավական հիմքերը: Մեզ տված պատասխանը բնավ հուսադրող չէ: Ասում են, որ ապամոնտաժվելու ենթակա են այստեղ կառուցված շենքերը: Բայց չի ասվում` երբ: Փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ»,- ասել է բնապահպանների իրավաբան Մերի Խաչատրյանը:
Քանի որ քաղաքապետարանի և ոստիկանության հետ բանակցությունները որևէ արդյունք չտվեցին, բնապահպանները այսօր` ժամը 18:30 հավաքվում են Մաշտոցի այգում` միասին կասեցնելու այգում իրականացվող ապօրինի շինարարությունը: