Հայ-թուրքական սահմանը միայն ֆորմալ է փակ, փաստացիորեն այն բաց է, հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի նախագահ Սամեդ Սեիդովը:
«Ստամբուլից Երևան օրական 4 չվերթ է իրականացվում, իսկ Թուրքիայում ավելի քան 100 հազար հայ է ապօրինի բնակվում, հայ կանայք թուրք երեխաների դայակն են դառնում: Ի՞նչ փակ սահմանի մասին է խոսքը: Այն ընդամենը պաշտոնապես է փակ»,-թուրքական Hurriyet պարբերականի հետ զրույցում ասել է Սեիդովը:
Քաղաքական գործիչը չի թաքցրել նաև վերջերս Ստամբուլում հնչեցված կարգախոսների վերաբերյալ իր վրդովմունքը. «Գերմանիայում էլ են թուրքեր սպանվել, բայց չգիտես ինչու ոչ մի գերմանացու մտքով չի անցնում փողոց դուրս գալ «մենք բոլորս թուրք ենք» կարգախոսով»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին, Սեիդովն ասել է, որ Ադրբեջանի խորհրդարանը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել, որը դատապարտում է այս օրինագիծը, սակայն չգիտես ինչու Թուրքիան նման հայտարարությամբ հանդես չի եկել` սահմանափակվելով Ջեմիլ Չիչեկի նամակով`ուղղված Ֆրանսիայի իր գործընկորջը: