ՀՀ ոստիկանությունը պարտավոր է համարժեք միջոցներ ձեռնարկել, որպեսզի մի կողմից` ապահովի պաշտոնապես թույլատրված շինարարական աշխատանքների անխափան իրականացումը, իսկ մյուս կողմից` պաշտպանի հավաքի մասնակիցների իրավունքները: Այս մասին ասված է ոստիկանության կողմից տարածված հայտարարության մեջ, որը վերաբերում է Մաշտոցի պողոտայի այգում բնապահպանների և շինարարների վեճին: Հիշեցնենք, որ բնապահպանները շինարարությունն ապօրինի են համարում, մինչդեռ Երևանի քաղաքապետարանը պնդում է, որ կրպակներն այգում պետք է կառուցվեն:
«Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է գիտակցել, որ թույլատրված շինարարական աշխատանքները խոչընդոտելը չի պաշտպանվում հավաքների ազատությամբ, քանի որ հավաքների խաղաղ իրականացումը բացառում է ներկայացված պահանջների հարկադրաբար կենսագործումը հավաքի մասնակիցների կողմից: Նման գործողությունները կարող են որակվել որպես ինքնիրավչություն և առաջացնել վարչական պատասխանատվություն: Հասարակական կարգի և հասարակական անվտանգության խախտումների առնչությամբ ոստիկանության ծառայողի օրինական պահանջները չկատարելը նույնպես հանգեցնելու է վարչական պատասխանատվության:
Իրավիճակի անհարկի սրումը և դրանով պայմանավորված` վարչական հարկադրանքի կիրառումը բացառելու համար ՀՀ ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին ձեռնպահ մնալ շինարարական աշխատանքները խոչընդոտող գործողություններից, և իրենց բողոքն արտահայտել «Հավաքների ազատության մասին» օրենքին համապատասխանող եղանակներով», – նշում է ոստիկանությունը: