Ամերիկացի միլիոնատեր Թոմաս Հարթմանը Նյու Յորքի դատարանի որոշմամբ երկու ամիս բանտում կանցկացնի վրացի պարուհի Սոֆի Կանդելակիին ծեծի ենթարկելու համար:
Թոմաս Հարթմանը հազիվ է կարողացել զսպել արցունքները, երբ իմացել է, որ ամեն դեպքում ստիպված կլինի կրկին բանտ վերադառնալ: Խնդիրը նրանում է, որ նա նախկինում երկու անգամ ճաղերի հետևում է հայտնվել մեքենայի առևանգման և ծեծկռտուքի համար:
ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի տեղեկություններով` 2011-ի ապրիլին իտալական ռեստորաններից մեկում բազմաթիվ անշարժ գույքի օբյեկտների տիրապետող 42-ամյա Հարթմանի և 37-ամյա Կանդելակիի միջև վեճ էր բռնկվել: Կոնֆլիկտի ընթացքում տղամարդը հարվածել էր կնոջ դեմքին: Ինչպես պնդում է տուժածը, Հարթմանը հարվածներ է հասցրել իրեն Rollex ոսկյա ժամացույցով, արդյունքում բժիշկները նրա ճակատին 16 կար են դրել:
Նշենք, որ Հարթմանը բոլորովին պատահաբար է դարձել միլիոնատեր: Նախկինում նա աշխատոմ էր որպես հասարակ շինարար, սակայն 2004 թվականին նրան վրաերթի էր ենթարկել ոստիկանական մեքենան, որը հետապնդում էր իր կնոջը ծեծի ենթարկած տղամարդուն: Հարթմանը կորցրել էր ոտքը: 2010 թվականին դատարանը վճռել էր Հարթմանին 16 միլիոն դոլարի չափով փոխհատուցում վճարել: Հենց այդ գումարներն էլ փոխել են նրա կյանքը: