Փետրվարի 17-ին սիրիական բանակը վերսկսել է երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը պահանջող ապստամբների ուժերի կենտրոնացման հիմնական վայր համարվող Հոմս քաղաքի հրետանային ռմբակոծությունը, հաղորդում է Agence France-Presse-ը:
Ականատեսների խոսքով` սա ռմբակոծությունների երկու շաբաթների ընթացքում ամենազանգվածային հարձակումն է: Ապստամբների ռազմական ղեկավարությունը հայտարարում է, որ քաղաքի վրա մեկ րոպեում մինչև 4 ռումբ է ընկնում, Հոմսի երկնքում «աննախադեպ» քանակությամբ ինքնաթիռներ են թռչում:
Հիշեցնենք, որ Հոմսը չընդհատվող ռմբակոծման է ենթարկվում փետրվարի 4-ից: Վերջին զանգվածային ռմբակոծությունը տեղի ունեցավ փետրվարի 9-ին, որի հետևանքով 93 մարդ զոհվեց:
2011 թվականի մարտից, երբ Սիրիայում զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դեմ, տարբեր գնահատականներով զոհվել է մինչև 7000 մարդ: