Մաշտոցի այգում կրպակների կառուցման դեմ պայքարող բնապահպաններին այսօր այցելել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն ու Կոնգրեսի երիտասարդների մի խումբ:
Epress.am-ի հետ զրույցում Լևոն Զուրաբյանը պատմել է, թե ինչի մասին է զրուցել ակցիայի մասնակիցների հետ:
«Ակցիայի մասնակիցները ինձ ներկայացրեցին բոլոր ապօրինությունները, որ այստեղ արվել են, և նաև որոշակի տարօրինակ բաներ: Oրինակ, որ այդ ապօրինությունները վիճարկել դատարանով հնարավոր չէ, որովհետև պատշաճ հայցվոր չեն համարում որևէ մեկին, ով կկարողանա բողոքարկել այս ապօրինի շինարարությունը: Սա շատ ողջունելի ակցիա է, որը ցույց է տալիս, որ իսկապես քաղաքացիական հասարակությունը՝ հատկապես անկախ որևէ քաղաքական կողմնորոշումից, ակտիվանում է, հզորանում է:
Ես կարծում եմ, որ դա ածանցյալ է Շարժման չորս տարվա այս համառ պայքարին: Չորս տարի շարունակ ռեժիմի ռեպրեսիաները Շարժումը վերցրել է իր վրա, այդ ոստիկանության բռնությունները, ապօրինությունները, կոպտությունը: Այդ ամբողջը մենք չորս տարի տարել ենք մեզ վրա, և նաև շնորհիվ մեր պայքարի և իրավաբանական մեր բոլոր այս գործողությունների, մենք ստեղծել ենք մի իրավիճակ, երբ որ այսօր ոստիկանությունը արդեն ստիպված է հաշվի նստել մարդկանց իրավունքների հետ», – ասել է Լևոն Զուրաբյանը:
Այն փաստը, որ ոստիկանությունը ստիպված է իրեն որոշակի սահմաններում պահել, ըստ Զուրաբյանի, աննախադեպ վիճակ է:
Խոսելով բնապահպաններիկ ակցիայի դրական լինելու մասին՝ ՀԱԿ համակարգողը կարծիք է հայտնել, որ հայաստանյան հասարակությունը գտնվում է ճիշտ ուղու վրա, ակտիվացման ուղու վրա և դա հատկապես կարևոր է խորհրդարանական ընտրություններից առաջ:
«Անկախ քաղաքական ուղղվածությունից, սա կարևոր է, որովհետև հասարակությունը մի կարևոր քայլ էլ պետք է կատարի առաջ, որպեսզի դառնա տեր իր քվեի, այսինքն՝ ամեն ինչ անի, որ բացառի ընտրակեղծիքները», – ասել է Լևոն Զուրաբյանը: