Եգիպտացի հայտնի լրագրող, հեռուստահաղորդավար և հասարակական գործիչ Բուսեյն Կամելը կարող է դառնալ Եգիպտոսի նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրած պատմության մեջ առաջին եգիպտացի կինը: Նա այս մասին պաշտոնապես հայտարարել է Պորտ-Սաիդ քաղաքի հեղափոխական երիտասարդության հանրահավաքի ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Կամելը քննադատել է ներկայիս իշխանություններին: Նրա խոսքով` Գերագույն ռազմական խորհուրդը, որը ներկայումս ղեկավարում է երկիրը, օգտագործում է այն նույն մեթոդները, ինչ Հոսնի Մուբարաքի ռեժիմը: Նա ընդգծել է, որ Ռազմական խորհուրդը «ամենասեղմ ժամկետներում» պետք է իշխանությունը փոխանցի համազգային ընտրությունների միջոցով ընտրված նախագահին:
Կամելին սատարում են մի քանի ստեղծագործական արհմիություններ, կանանց կազմակերպություններ և երիտասարդական կազմակերպությունների մի մասը: Սակայն նախագահ դառնալու համար նա դեռ պետք է պաշտոնապես գրանցվի որպես թեկնածու, հաջող նախընտրական քարոզարշավ անցկացնի և հաղթանակ տանի ընտրություններում:
Հոսնի Մուբարաքի ռեժիմի տապալումից հետո առաջին նախագահական ընտրությունները Եգիպտոսում կանցկացվեն ընթացիկ տարվա մայիսին:
Թեկնածուների գրանցումը կսկսվի մարտի 10-ին: