2012 թ. փետրվարի 20-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում /դատավոր Ա. Սուքոյան/ նշանակված է «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ դատական նիստը:
Նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանը նույն ժամին մասնակցում էր մեկ այլ դատական նիստի:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կազմակերպության կողմից հայցադիմում ներկայացնելու համար հիմք են հանդիսացել Գասպարյանի կողմից ՊՆ փոխնախարար եղած ժամանակ 2011 թ. հոկտեմբերի 17-ին www.hraparak.am էլեկտրոնային էջին և 2011 թվականի հոկտեմբերի 15-ին «Զինուժ» ծրագրինտրված հարցազրույցները:
Կազմակերպությունը գտնում է, որ հարցազրույցներն իրենց մեջ պարունակում են մի շարք վիրավորական և միևնույն ժամանակ կազմակերպության բարի համբավն արատավորող արտահայտություններ, և պահանջում է Վլադիմիր Գասպարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել և նրանից հօգուտ կազմակերպության բռնագանձել 10 դրամ, ինչպես նաև նույն լրատվամիջոցներով հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները:
Հիշեցնենք, որ Գասպարյանը «Հրապարակ» օրաթերթին հոկտեմբերի 17-ին տված հարցազրույցում,մասնավորապես, ասել էր. «Ցավացող ծնողը լկտի չի լինի, ցավացող ծնողը կանգնած է, բայց ես տեսնում եմ լկտիություն բանակի նկատմամբ, նախարարի նկատմամբ, ես տեսնում եմ թույն մեջները: 20 տարեկան պոչիկներով լակոտներին, որ բերել են Հելսինկյան կազմակերպությունները, ու էդ լակոտների բերանների արտահայտություններն անձնական վիրավորանք են հասցնում: Երբ փսլնքոտ լակոտը երկիր պահած, երկրի համար տուժած մարդուն վիրավորում է լկտի բացականչություններով, ես դա չեմ հանդուրժելու… Նրանք անպատվում են պաշտպանության նախարարին, ասելով՝ էդ միոտանին: Ես ասում եմ՝ էդ չորսոտանիներիցդ շատ գործ է անում մեր միոտանին, չէ՞ որ էդ մարդն ինչ որ արել է, ես չեմ պաշտպանում, արել է էս երկրի համար, որ էդ ոտքը կորցրել է»:
Գասպարյանը «Զինուժ» ծրագրում տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է. «Ոնց կարող է ցավալ մարդու սիրտ մի երկրի բանակի համար, երբ ֆինանսավորվում ու աշխատավարձ է ստանում ուրիշ երկրներից: Ոնց կարող է մարդու սիրտ ցավա, երբ նա մտածում է` ինչքան աղմկահարույց, ինչքան վատ դեպք պատահի, էնքան լավ է, որովհետև դրա վրա ավելի շատ փող կարող է աշխատի: Այդ մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են անհայրենիք, աներկիր, անշնորհք, ուրիշին դուր գալու, ուրիշին ծառայելու, նոքարի, սեփական արժանապատվությունը չունեցող երևույթներ են: Նրանց մեջ մարդիկ կան, ովքեր բանակի կողքով անգամ չեն անցել: …Ու հաստատ իմացեք, վաղը, եթե հանկարծ ինչ-որ բան լինի, ոչ միայն խոր թիկունքում նրանց չենք գտնելու, այլև Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այդ երևույթներին չենք կարողանալու գտնել: Մի քանի օր առաջ այդ խմբերից մեկի հայտարարությունն եմ կարդում թերթերում, որտեղ պահանջում են այս, այս, այս տեղեկությունները` կապված հազարավոր զինծառայողների հետ: Սիրելիներս, իսկ ձեր պատվիրատուները էլ ինչ հանձնարարություն են ձեզ տվել` իմանալու մեր բանակից, միգուցե ամբողջ ցանկը հրապարակեք և հետո ամենախայտաբղետ արտասահմանյան հիմնադրամների մոտ գնաք հերթ կանգնեք»: