«Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զառաֆյանը հույս չունի, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշում կկայացնի՝ ի օգուտ Երևանի կանաչ տարածքների պահպանության:
«Ես ամաչում եմ մեր իշխանությունների փոխարեն, որ այսպիսի հարց նրանք չեն կարողանում նորմալ լուծել ու ամաչում եմ նրա համար, որ քաղաքապետարանի մոտ հավաքված մարդկանց հետ վախեցել են դուրս գալ հանդիպման», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Զառաֆյանը:
Նրա հավաստմամբ՝ մեր իրականության պատկերն օր-օրի առավել տխուր է դառնում:
«Այն միտքը, որ մի օր լսեինք, թե մեր քաղաքի մի որևէ կանաչ տարածք ազատվում է անօրինական շինությունից ու զավթում չի կատարվում, տեսնեինք, որ դա տեղի ունեցավ, որ նման բան եղավ, շատ կզարմանայինք:Մենք հույս չունենք, որ նոր քաղաքապետը մի անգամ գոնե այսպիսի դրսևորում ունենա ու նման որոշում կկայացնի», – ասել է Զառաֆյանը:
Նա հավատացած է, որ Մաշտոցի պուրակում տեղադրվող տաղավարների շուրջ բարձրացրած հարցին կարելի էր շատ քաղաքակիրթ լուծում տալ ու դրանք տեղափոխել այլ վայր՝ ազատելով այգու կանաչ տարածքները:
«Ես այնպիսի կարծիք ունեմ, որ մեր իշխանությունը զոռով ստեղծում է քաղաքացիական շարժում: Նույնիսկ այն մարդիկ , ովքեր մինչ այժմ անտարբեր էին ու չէին ուզում լսել այդ մասին, հիմա նրանք էլ չեն դիմանում: Ինչի համար, մի քանի բուտիկների, որտեղ ոչ ոք չի էլ գնա ու ոչինչ չի էլ առնի: Ես զարմանում եմ, որ գոնե այս հարցի շուրջ պետք է իրենց լավ դեմքը ցույց տային, դա էլ չկարողացան», – եզրափակել է Զառաֆյանը: