Այսօր ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը միջնորդել է փոխել իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցը: Պաշտպանական կողմը ցանկանում է, որ Օհանյանին, ով մեղադրվում է բենզինի յուրացման մեջ, ազատ արձակեն գրավի դիմաց:
Գործով անցնող մյուս մեղադրյալները և տուժող կողմն այդ միջնորդությանը դեմ չեն եղել:
Միայն դատախազ Հարություն Հարությունյանն է առարկել միջնորդության դեմ` համարելով, որ այն անհիմն է և ենթակա է մերժման:
Միջնորդության վերաբերյալ իր կարծիքն է հայտնել Մարգար Օհանյանը` հիշեցնելով դատավորին ու դատախազին Սերժ Սարգսյանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի հայտարարությունը:
Օհանյանի խոսքով` այդ հայտարարության մեջ Սերժ Սարգսյանը կոչ է արել դատավորներին ու դատախազներին լինել արդար: ՃՈ նախկին պետը խնդրել է նրանց հետևել այդ կոչին և իր նկատմամբ արդարացի որոշում կայացնել:
Օհանյանի պաշտպանի միջնորդության որոշումը դատավոր Մխիթար Պապոյանը կհրապարակի այսօր, ժամը 14:00-ին: