ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցները պետք է անգիր սովորեն գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանի ուղերձը 2012 թվականի համար:
Նախարարի ուղերձի տեքստը տպված է աշխատակիցներին բաժանված օրացույցերի վրա: Այս մասին Epress.am-ին պատմել են նախարարության մի շարք աշխատակիցներ:
Նախարարության աշխատակիցները պետք է կարողանան անգիր գրել տեքստը, իսկ հատուկ ստեղծված հանձնաժողովը ստուգում է աշխատանքները և հետևում է, որ աշխատակիցները չարտագրեն քննության ժամանակ:
Տարբեր վարչության պետերը զգուշացնում են աշխատակիցներին, որ քննությունը չհանձնելու դեպքում իրենք կարող են գրավոր զգուշացում կամ նկատողություն ստանալ:
Սեյրան Օհանյանի ուղերձում նշված է.
«Աշխատանքները կազմակերպել ղեկավարման համակարգում միջոցառումների շղթայական կարգով վերևից ներքև լիարժեք փոխանցմամբ, յուրաքանչյուր օղակում միմյանց փոխլրացմամբ (փոխհամակցմամբ), ռեսուրսների բազմապատկմամբ, անձնական պատասխանատվությամբ, առավելապես ինքնուրույն, համարձակ որոշումներով, ճշգրիտ (ստույգ-կոնկրետ) աշխատանքի իրականացմամբ` վերջնական արդյունքի հասցնելու սկզբունքով` հիշելով «Հասի’ր նրան, ինչ սիրում ես, թե չէ կսիրես այն, ինչ քեզ կհասնի» հայտնի թևավոր խոսքը:
ՀՀ զինված ուժերի 2012 ուսումնական տարվա գերակա խնդիրները համարել Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ-ի անվտանգության ապահովումն արտաքին ագրեսիայից, զորքերի մարտական պատրաստականության վիճակի պահպանումն ու մարտական հերթապահության կատարելագործումը, ՀՀ զինված ուժերի զարգացման պլանով նախատեսված միջոցառումների որակյալ և ժամանակին իրականացումը, ռազմական կրթության չափանիշների ներդրումը, ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագրի հաստատումը և դրանից բխող միջոցառումների իրականացումը, զինված ուժերում կարգապահության ամրապնդումը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան»
Epress.am-ին չի հաջողվել քննության անցկացման մասին մանրամասներ ճշտել նախարարությունից. ՊՆ-ի լրատվական բաժնի և Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանի հեռախոսահամարները չեն պատասխանել: