Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը մերժել է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանի` իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը:
Միջնորդությունը մերժելուց հետո ցուցմունք է տվել Մարգար Օհանյանը:
«Արդեն ինչքան ժամանակ է` լրատվամիջոցները գրում են, թե ինչի համար ես Ալիկ Սարգսյանի անունը չեմ տալիս: Հարգելիներս, ինչպես ես կարող եմ տալ անուններ: Իրականում իմ կողմից ոչ մի յուրացում չի եղել: Ինչ է, ես գործ սարքողի տպավորությո՞ւն եմ թողնում, կամ իմ անցած ուղին թույլ կտա՞ր սուտ ցուցմունքներ տալ, կամ կեղծ հայտարարություններ անել: Իմ դեմ տարվող տեռորի գլուխ կանգնած ոստիկանական այն ժամանակվա ղեկավարներին է դա հարիր, ինձ հարիր չէ: Ես մարդկանց վրա ցեխ շպրտող չեմ: Չի եղել, ես յուրացում չեմ արել», – ասել է Մարգար Օհանյանը:
Նա նշել է, որ Ալիկ Սարգսյանի հետ կապված իր տարաձայնությունները սկսվել են 2011 թվականի ապրիլից, և դրանք կապված են եղել կադրային նշանակումների հետ:
Օհանյանը բացատրել է, թե ինչ է նշանակում, իր բնութագրմամբ, ոստիկանների կողմից իր նկատմամբ կիրառվող տեռորը:
«ՃՈ-ում ստուգումները տարբեր բաժիններում կատարվել են շատ բիրտ ձևով, դրանից հետո ինձ են անցել: Իմ դեմ ցուցմունք տված մարդկանց նկատմամբ ճնշումներ են իրականացվել», – ասել է Օհանյանը` չցանկանալով, սակայն, անուններ տալ, քանի որ, իր խոսքով, վստահ չէ, թե ովքեր են եղել ճնշում գորածդրողները:
Մարգար Օհանյանը վառելիքի յուրացման մեջ մեղադրանքները որակել է որպես լկտի սուտ` նշելով, որ բենզինի կտրոններից ինքը տեղյակ չի եղել:
Նա նաև ընդգծել է, որ նախորդ տարվա օգստոսի 30-ին իրեն կանչել են ՀՔԾ հարցաքննության որպես վկա, բայց մի ժամվա մեջ ինքը դարձել է կասկածյալ, և քննիչ Տիգրան Թամամյանի գրասենյակային հեռախոսին հնչած զանգից հետո իրեն ձերբակալել են:
Օհանյանը նաև վրդովված նշել է, որ «ներքևում ինձ եկել են տանելու մոտ վեց դիմակավոր և ավտոմատավոր 6-րդ վարչության աշխատակիցներ»:
ՃՈ նախկին պետի խոսքով` նույնիսկ քննիչն է ասել այդ մարդկանց, որ «Մարգարը փախնող չի», որից հետո միայն իրեն հանգիստ տեղափոխել են ՁՊՎ:
Մեղադրյալի խոսքով` իրեն երբևէ որևէ մեկը տեղյակ չի պահել, որ բենզինի ստացման հետ կապված խնդիրներ կան:
Օհանայնն ասել է, որ թեև չի ընդունում իր մեղքը, սակայն պատրաստ է պետությանը հասցված վնասի մնացած 19 միլիոն դրամը ևս վճարել: Նրա խոսքով` գումարը հարազատները բերել են դատարան և այն մեքենայի մեջ է:
Հիշեցնենք, որ նախկինում Օհանյանն արդեն փոխահատուցել է 137 դրամի չափով վնասը:
«Ես հիմա էլ չեմ հավատում, որ Կարախանյանը 20 միլիոն դրամի յուրացում է կատարել: Իսկ որ նա իմ դեմ սուտ ցուցմունք է տվել, թող Աստծուց ստանա իր պատիժը: Ես չեմ յուրացրել», – ասել է Մարգար Օհանյանը:
Նրա ցուցմունքի ավարտից հետո դատավորն ասել է, որ, ըստ ապացույցների հետազոտման կարգի, հաջորդ փուլում կհետազոտվեն գործում առկա ապացույցները, բայց դա տեղի կունենա հաջորդ դատական նիստին, որը կկայանա փետրվարի 24-ին, ժամը 11:30-ին: