Ֆեմենիստական «Pussy Riot» ռոք խմբի 5 երգչուհիներ 5 րոպեանոց համերգ են կազմակերպել Մոսկվայի Քրիստոս Փրկիչ եկեղեցում` վառ գույների դիմակներով մտնելով Աստծո տուն: Աղջիկները սկսել են երգել «Աստվածամա´յր, Պուտինին հեռացրու» ` միաժամանակ պարելով երաժշտության ներքո: Ինչպես նշում է «Նովայա գազետան», աղջիկները երգի միջոցով իրենց բողոքն են արտահայտել նաև ուղղափառության մշակույթը դպրոցներ մտցնելու, հոգևորականների լիմուզինների և Պուտինի հանդեպ ունեցած արքեպիսկոպոս Կիրիլի հավատի դեմ:
Աղջիկներին մոտեցած պահակները նրանց հեռացրել են խորանից: Աղջիկները, ըստ «Նովայա գազետա»-ի, ընկնում էին գետնին և բղավում «Աստվածամայր, ֆեմենիստ դարձիր»: Գլխաշորերով հավատցյալ կանայք խրատել են աղջիկներին «Աղջիկներ, սա ինչ է, ինչպե՞ս թե: Աստծո՞ւց էլ չեք վախենում, նրա զայրույթից»: Աղջիկներին հեռացրել են եկեղեցուց «խրատների և դատափետման կարկուտի տակ», գրում է կայքը:
Եկեղեցու դռների մոտ աղջիկներին հաջողվել է դուրս պրծնել պահակների ձեռքից և փախչել: Ոչ ոք չի ձերբակալվել: