Գևորգ Պերկուպերկյանի ատենապետությամբ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության երկրորդ գրանցումը իշխանությունների կողմից ընտրություններին ընդառաջ արված քայլ է ընդդիմության դեմ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ու ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՍԴՀԿ-ն նամակ է ստացել Գևորգ Պերկուպերկյանից, որում նա ներկայացել է որպես ՍԴՀԿ ատենապետ և ՍԴՀԿ-ից պահանջել է իրեն տրամադրել կուսակցության կնիքը, դրոշը և այլ ատրիբուտներ: Պերկուպերկյանը պնդում է, որ ինքն ատենապետ է ընտրվել 2011 թվականի հունվարի 28-ին կայացած համագումարում, սակայն ՍԴՀԿ-ում տեղյակ չեն եղել նման հավաքի մասին:
ՍԴՀԿ-ի ներկայացուցիչները չեն բացառել, որ Հայ ազգային Կոնգրեսում ընտրացուցակներում իրենց գրանցվելուց հետո Պերկուպերկյանը կհայտարարի, որ ինքը նման բան չի ստորագրել, և դրանով վտանգի տակ կդրվի ամբողջ ՀԱԿ-ի ընտրությունների մասնակցությունը: Այդ պատճառով էլ նրանք այս պահին բարձրաձայնում են կեղծիքի մասին, որպեսզի հետագայում նման խնդրի առջև չկանգնեն: Լյուդմիլա Սարգսյանը նշել է, որ իրենք հետևողական են լինելու կեղծիքի բացահայտման և մեղավորների պատժման հարցում:
«Եթե մտնեք պետռեգիստրի կայք, ապա կտեսնեք այնտեղ գրանցված երկու ՍԴՀԿ, որոնցից մեկի ատենապետը Լյուդմիլա Սարգսյանն է, մյուսինը` Գևորգ Պերկուպերկյանը: Նման դեպքերը կարող են լինել կամ Հայաստանում, կամ հոգեբուժարններում: Երբ այնտեղ մարդիկ հայտարարում են` ես Նապոլեոնն եմ կամ Չինգիզխանն եմ: Սակայն այդ Նապոլեոններին Հայաստանում անձնագիր են տալիս», – ասել է Գուրգեն Եղիազարյանը:
Վերջինս, խոսելով կուսկացությունների գրանցման խախտումների մասին, ասել է, որ եթե հիմա ինքը մի երեք թուղթ ունենա, կարող է գնալ պետռեգիստր և ասել, որ Սերժ Սարգսյանի փոխարեն ինքն է ՀՀԿ-ի ղեկավարը:
Լյուդմիլա Սարգսյանը տեղեկացրել է, որ այս հարցի առնչությամբ իրենք արդեն դիմում եմ ուղարկել Հայաստանի, նրա խոսքով, ««ամենաարդար» արդարադատության նախարարություն և «ամենաարդար» դատախազությանը»:
Բանախոսները հիշեցրել են, որ Համահնչակյան կուսակցության ատենապետ Սեդրակ Աճեմյանը դեռևս 2008 թվականի սեպտեմբերին կայացած համագումարի ժամանակ առաջարկել է, որ կուսակցությունը դուրս գա ՀԱԿ-ի կազմից, ինչին իրենք դեմ են արտահայտվել: Գուրգեն Եղիազարյանի խոսքով, քանի որ այն ժամանակ Աճեմյանին չհաջողվեց ՍԴՀԿ-ն հանել ՀԱԿ-ից, հիմա իշխանությունների թելադրանքով փորձում է պառակտել կուսակցությունը: