Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում դեղերի առքուվաճառքով զբաղվող 15 ընկերությունների և 12 բուժհաստատությունների վարույթներ են հարուցվել:
Ամփոփելով դեղերի գծով պետական գնումների ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները` Հանձնաժողովը նշել է, որ ուսումնասիրված 134 բուժհաստատություններից 109-ի մոտ առկա է եղել մրցույթ չհայտարարելու գծով խախտում:
Ընդ որում, 66 բուժհաստատություններ ընդհանրապես մրցույթներ չեն հայտարարել, իսկ 43-ը դեղերի ձեռքբերման վերաբերյալ մրցույթներ հայտարարել են միայն առանձին դեպքերում:
Հանձնաժողովի կողմից բացահայտվել է, որ 26 բուժհաստատությունների կողմից կազմակերպված 37 մրցույթները ձևական բնույթ են կրել: Այդ մրցույթներին մասնակցել են դեղերի վաճառքով զբաղվող 7 ընկերություններ, սակայն մշտապես մրցույթը շահել է նույն ընկերությունը, իսկ մյուսները դուրս են մնացել ինչ-ինչ տեխնիկական խնդիրների պատճառաբանությամբ:
Չարաշահումներ են տեղի ունեցել նաև պետության կողմից սոցիալապես անապահով խավերին անվճար կամ զեղչերով տրամադրվող դեղերի ձեռքբերման ժամանակ:
Տարածած հաղորդագրության մեջ Հանձնաժողովը նշում է, որ մրցույթներ չհայտարարելու դեպքում բուժհաստատություները անհրաժեշտ դեղորայքը ձեռք են բերել շատ ավելի բարձր գներով, ինչն առավել ակնհայտ է դրսևորվել այն դեպքերում, երբ վերջինները մատակարար ընկերությունների հետ եղել են փոխկապակցված:
Բացի դա, պետական գնումների շրջանակում կազմակերպված մրցույթների ժամանակ դեղերի շուկայում գործող որոշ խոշոր տնտեսվարողներ չարաշահել են իրենց գերիշխող դիրքը: Այս ամենը նաև Գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջների խախտում է:
Հանձնաժողովն ընդգծում է, որ ուսումնասիրությունների 1-ին փուլի ավարտից հետո վարույթներ են հարուցվել Նատալի ֆարմ, Վիոլա, Ամիկուս, Եվրոֆարմ, Դելտա, Մեդտեխսերվիս, Անիկոֆարմ, Ռուսֆարմ, Գրիմոս Գրուպ, Շախ ԷՄ Գրուպ, Դիանա ֆարմ, Կամելիա, Էգդանի, Մեգի Էլ ընկերությունների, Հ. Գևորգյան անհատ ձեռներեցի և Նոր Արաբկիր առողջության կենտրոնի, ՀՀ ԱՆ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի, Ալավերդու բժշկական կենտրոնի, Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի, Սևանի հիվանդանոցի, Հրազդանի բժշկական կենտրոնի, Դիլիջանի բժշկական կենտրոնի, Կապանի բժշկական կենտրոնի, Արմավիրի բժշկական կենտրոնի, Մեծամորի բժշկական կենտրոնի, Վանաձորի թիվ 1-ին և 20-րդ պոլիկլինիկա նկատմամբ: